Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ընթացող «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին Հայաստանում անցկացվող ընտրությունների մասին մի ուշագրավ դիտարկում է արել: «Ես գիտեմ, որ երբեմն ընտրությունների ժամանակ աչք են փակում խախտումների վրա, ու սա լավ չէ: Երբ խորհրդարանում պատգամավորները չեն ընտրվում արդար, թափանցիկ ձևով, ապա այդ պատգամավորները չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Ուստի պետք է կոչ անեմ պաշտպանել այս արժեքները, որ քաղաքական խաղեր չխաղան ընտրությունների հետ»,- ասել է Բոբինսկին:
Թվում է, թե նա որոշել է մի թեթև կատակ անել հայաստանյան հասարակության հետ: Ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և ընտրությունների հետ քաղաքական խաղեր չտալու մասին կոչ անող եվրոպացին հավանաբար մոռացել է, որ այդ արժեքներն առաջինն արհամարհողներից և դրանց հետ քաղաքական խաղեր տվողներից մեկը հենց Եվրոպան է, որը ոչ միայն աչք փակեց Ադրբեջանում ալիևյան սուլթանաթը հաստատող խայտառակ ընտրությունների վրա, ներկայումս այդ երկրում իրականացվող քաղաքական հետապնդումների վրա, այլև ժողովրդավարական ճանաչեց Հայաստանում գործող իշխանության բարեհաջող վերարտադրությունն ապահոված նախորդ երկու համապետական ընտրությունները:
Բոբինսկուն, հավանաբար, պետք է հիշեցնել, թե ինչպես էր Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն ունեցող ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ ոչ միայն կանխատեսում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը, այլև բացահայտ քարոզչություն իրականացնում նրա օգտին:
Բայց Բոբինսկու այս հայտարարությունները զարմանք կամ տարակուսանք չեն հարուցում: Ակնհայտ է, որ քնից հերթական հանկարծակի արթնացումն ամբողջությամբ համապատասխանում է անհրաժեշտ պահին ժողովրդավարական արժեքները հիշելու, անհրաժեշտ պահին դրանք մոռանալու` «real politik»-ի եվրաստանդարտներին: Պարզապես հիմա, երբ Հայաստանում հերթական համապետական ընտրություններն այլևս սարերի ետևում չեն, եկել է այդ արժեքները հիշելու ժամանակը: Առավել ևս, որ դրա համար եվրոպացիներն ունեն առավել քան ցցուն առիթ: Բանն այն է, որ նոր ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե Հայաստան-ԵՄ թվացյալ սերտացող հարաբերությունների, ԵՄ կառույցների հետ հայաստանյան իշխանությունների սիրախաղերի ֆոնին, այլ ԵՏՄ-ի հետ Հայաստանի ամուսնության դաժան իրականության և դրա պատճառով հայաստանյան իշխանություններից ԵՄ-ի խորը հիասթափության ֆոնին:
2017թ. խորհրդարանական ընտրություններն ինքնըստինքյան դառնում են այն ամենահարմար գործիքը, որով կարելի է Հայաստանին ոչ միայն հիշեցնել, ԵՏՄ-ն ընտրելով, իրենց հասցված ապտակը, այլև գերագույն հաճույքով պատասխանել այդ հարվածին: Որևէ կասկած չի կարող լինել, որ եթե մինչև 2017թ. ԵՏՄ-ն չքանդվի, և Երևանը միջոցներ չձեռնարկի, խորհրդարանական ընտրությունների նկատմամբ եվրոպական կառույցների «ուշադրությունը» լինելու է անողոք:
Այս իմաստով Բոբինսկու հայտարարությունները ծիծաղելի չեն հայաստանյան իշխանությունների համար, որոնք հրաշալի հասկանում են, թե ինչ է իրենց սպասվում 2017-18թթ.: Թերևս այդ հեռանկարի հանդեպ վախով են պայմանավորված քաղաքական դաշտում անդադար վերադասավորումներ կատարելու, այլընտրանքները, հնարավոր դիմադրության պոտենցիալը չեզոքացնելուն ուղղված` իշխանության ներկայիս նախաձեռնությունները, գուցե նաև սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիա ստեղծելու ձգտումները:
Բայց դրանք ակնհայտորեն բավարար լինել չեն կարող: Աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատելու բավարար փորձ ձեռք բերած իշխանությունը հրաշալի հասկանում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց և ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը տապալելուց հետո ցանկացած դեպքում ապագա ընտրությունների արտաքին լեգիտիմությունը երաշխավորելու լավագույն, եթե ոչ միակ միջոցն այդ կենտրոնների, տվյալ դեպքում` Բրյուսելի հետ խաթարված հարաբերությունները սրբագրելն է: Մանավանդ` Բրյուսելն ինքը, կարծես, ընդառաջ գալու թափանցիկ ազդակներ է տալիս Երևանին: Այս գերխնդիրը լուծելու համար Երևանն ընդամենը մեկ միջոց ունի` այս տարվա մայիսին Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ` ցանկացած գնով օգտագործել ԵՄ Արևելյան գործընկերության պլատֆորմը:
Օրեր առաջ Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին հայտարարեց, որ Ռիգայի գագաթաժողովում պետք է հստակ որոշումներ կայացվեն Հայաստանի մասով, և հույս հայտնեց, որ մինչ այդ Հայաստանը կհստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների մասով: Բայց դեսպանի արած ամենակարևոր ակնարկն այն էր, որ ներկայումս Երևանի և Բրյուսելի միջև ընթանում են բանակցություններ որևէ փասատթուղթ ստորագրելու ուղղությամբ: «Մենք պետք է հետեւենք բանակցությունների գործընթացին եւ ըմբռնումով մոտենանք նրան, որ Հայաստանը կմիանա համաձայնագրի քաղաքական մասին` բաց թողնելով տնտեսականը: Լինելով մի տնտեսական համակարգում` Հայաստանը չի կարող այլ համակարգի ինտեգրվել»,- ասել էր դեսպանը:
Կարելի է ասել, որ սեղանին է դրված Ասոցացման տապալված համաձայնագրի քաղաքական մասը կամ դրա խմբագրված տարբերակը ստորագրելու խնդիրը, որը, սակայն, լուծվում է կուլիսային մակարդակով, առանց ավելորդ շոուների: Թե' Բրյուսելը, թե' Երևանը հրաշալի հասկանում են, որ բանակցությունների մասին բարձրաձայնելն ինչպիսի հնարավոր արձագանքի կարող է արժանանալ Մոսկվայում: Հատկապես` Երևանի համար այս պահին դա ավելի քան նուրբ խնդիր է:
Կարծես վերջնականապես հաստատվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ժամանելու է Հայաստան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու, և Երևանը չի կարող իրեն թույլ տալ որևէ այդպիսի քայլ, որը կարող է խափանել այդ այցը: Իսկ դրա հնարավորությունը Պուտինի նման անկանխատեսելի լիդերի պարագայում բացառված չէ:
Այնպես որ` հնարավոր է՝ Հայաստան-ԵՄ օրակարգի մասին հրապարակային հստակեցումներն արվեն միայն ապրիլի 24-ից հետո: Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի ԵՄ-ի հետ որևէ ոչ դեկլարատիվ, գործնական նշանակության փաստաթուղթ ստորագրել, կարող են իրենց համար կրկին երաշխավորել եվրոպացիների «ննջելը» հայաստանյան ընտրություններում և նույնիսկ քարոզչական աջակցություն ակնկալել նրանից: Բայց դա այնքան էլ հեշտ չի թվում ոչ միայն Ռուսաստանի հնարավոր դիմադրության պատճառով:
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու շուրջ համաձայնությունը պետք է տան ԵՄ անդամ բոլոր 28 երկրները, որը, կարծես, դեռևս չկա: Նման բացառություն արվել է միայն Ուկրաինային: Իսկ Հայաստանը, այնուամենայնիվ, Ուկրաինա չէ:
Գևորգ Աղաբաբյան