կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-01 16:32
Քաղաքական

ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում կրկին միայնակ է մնացել. Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում կրկին միայնակ է մնացել. Լեւոն Տեր-Պետրոսյան

Ազատության հրապարակում ընթանում է ՀԱԿ-ի հրավիրած` մարտի 1-ի ամենամյա հանրահավաքը: Ելույթով հանդես եկած ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախ դիմելով ժողովրդին, հայտարարեց, որ պետք չէ հուսահատվել՝ ո'չ ընդդիմությանը, ո'չ էլ հասարակությանը:

 

«Իշխանությունը գիշերները չի քնում, երբ մենք հիշում ենք»,- ասաց նա եւ մի առաջարկությամբ հանդես եկավ` մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր եւ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի այդ օրը ներառվի հիշատակի օրերի ցանկում:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանության հռչակագրին եւ կրկին այն քննադատեց: Հիշեցնենք, որ վերջերս Տեր-Պետրոսյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին եւ առաջարկել այս հարցի շուրջ հանդիպել, հանդիպումը սակայն, չկայացավ:

 

Իր ելույթի ժամանակ Տեր-Պետրոսյանը նշեց, որ թեեւ հասկանում է, որ հիմա հանրությանը հետաքրքրում են քաղաքական վերջին զարգացումները, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, բայց զերծ կմնա այդ հարցերի մանրակրկիտ լուսաբանումից: «Այնքան թարմ են իրադարձությունները, որ երկար մտորումների եւ վերլուծությունների կարիք կա»,- ասաց նա եւ հույս հայտնեց, որ ըմբռնումով կմոտենան իր այս քայլին:

 

«ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում կրկին միայնակ է մնացել»,- ասաց նա եւ հավելեց, որ հետագա քայլերը հաշվարկելու համար ՀԱԿ-ին ժամանակ է պետք: Նա նաեւ ասաց, որ առաջիկա երկու ամիսներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված, ՀԱԿ-ը զանգվածային միջոցառումներ չի անի: Իր ելույթում Տեր-Պետրոսյանը չմոռացավ եւս մեկ անգամ պիտակավորել, իր խոսքով, «կեղծ ընդդիմությանը», մասնավորապես` Նիկոլ Փաշինյանին: