Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս 2013-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի էր ունեցել Երևանի կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը, սակայն, մինչ օրս հանրության դատին չէր հանձնվել:
13 րոպեանոց սև-սպիտակ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Ցեղասպանությունից փրկված և ամերիկյան ճամբարներից մեկը տեղափոխված տղան կորցնում իր մոտ պահվող երկու` կրակված փամփուշտները: Փամփուշտներ, որոնցով սպանել էին իր հորն ու մորը…
«Խավարում» ֆիլմում, որքան էլ զարմանալի է, չկան «ընդունված» սարսափելի, արյունոտ տեսարաններ, բայց այն, այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երնջակյանը նշեց, որ այս ապրիլին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, ֆիլմն արդեն կցուցադրվի հեռուստատեսությամբ: Այն իրական նախապատմություն չունի, ֆիլմի սցենարը հորինված է:
«Դեռ երկու տարի առաջ նախատեսում էի նկարահանել լայնամետրաժ` «Ջրհեղեղ» ֆիլմը, որը նույնպես Ցեղասպանության թեմատիկայով էր: Սակայն այդ ֆիլմը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էին մեծ գումարներ: Հարցի հետ կապված` դիմեցինք տարբեր հիմնադրամների, այդ թվում նաև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող նախագծերին, սակայն ոչ մի արձագանք չստացանք: Ուստի որոշեցի կարճ ֆիլմ նկարահանել, ստացվեց «Խավարում»-ը»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ այն, որ ֆիլմի ֆինանսավորման հետ կապված որևէ արձագանք չի եղել, գուցե գալիս է այն փաստից, որ ֆիլմում նախատեսված չէին տեսարաններ` հղի հայ կանանց և նրանց մորթող` յաթաղաններով թուրքերի:
Երնջակյանը նշեց, որ «Խավարում» ֆիլմում արյուն չկա, կան միայն երեխաների աչքերը, որոնք ավելի հուզիչ են: «Ցանկացած դժբախտության դեպքում ամենածանր բեռը բաժին է հասնում երեխաներին, նրանք չեն հասկանում, թե այդ ինչպես երեկ ծնողներ ունեին, իսկ այսօր արդեն` ոչ: Ֆիլմում նկարահանված երեխաներին ընտրել ենք մեկ օրում` Աշտարակի դպրոցներից մեկն այցելելով»,- պատմեց նա:
Ֆիլմի ֆինանսավորման հարցում օգնել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆոնդը` տրամադրելով 10 000 դոլար, ինչպես նաև ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները` համապատասխանաբար` 3-4 մլն և 1 մլն դոլարով: Երնջակյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» կինոթափառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի մի շարք կինոթատրոններում, ինչպես նաև Փարիզում:
Ի դեպ, ֆիլմը ներկայացված է նաև ՀՀ նախագահի մրցանակին: