Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննչական մարմինները փորձում են քողարկել Ալեն Սիմոնյանի ապօրինությունն ու Նիկոլ Փաշինյանի ակնհայտ սադրիչ հայտարարությունը՝ Yerkir.am-ին ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է նրա և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բողոքի քննությունը։
Պատգամավորները վիճարկել են քննչական մարմինների՝ իրենց հաղորդման հիմքով քրեական գործ չհարուցելու փաստը։
Արծվիկ Մինասյանն ու Աննա Մկրտչյանը հաղորդում էին ներկայացրել օգոստոսի 24-ին ԱԺ-ում անվտանգության աշխատակիցների՝ իրենց հանդեպ բռնություն գործադրելու հանգամանքներով, սակայն քննչական մարմինները հրաժարվել էին քրեական գործ հարուցել։
«Այս տարվա օգոստոսի 24-ին ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ալեն Սիմոնյանը, այնուհետ Նիրկոլ Փաշինյանը և զինված ստորաբաժանում հանդիսացող անվտանգության ծառայությունը ակնհայտ իրենց լիազորություններից դուրս գալով՝ սադրանքներ կազմակերպելով, այնուհետև ֆիզիկական ուժ գործադրելով, ոչ միայն պատգամավոր Աննա Մկրտչյանին հասցրին մարմնական վնասվածքներ, նաև հարձակում էին կազմակերպել իմ նկատմամբ նույնպես։ Եվ մենք հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել, որը, ցավոք սրտի, ինչպես վերջին ժամանակահատվածում ականատես ենք լինում, ՀՔԾ-ն կամ քննչական այլ մարմիններ անտեսում են, այս դրվագն էլ բացառություն չէ, նրանք պարզապես քրեական գործ չեն հարուցել, մերժել են մեր հաղորդումները հանցագործության մասին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Սա այն դեպքում, որ ոչ միայն այդ բոլոր դրսևորումներն ինքնին հիմք էին քրեական գործը հարուցելու համար, այլ նաև պատշաճ, նորմալ, օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։
Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում՝ քննչական մարմինները, փորձ են անում այս գործը վերածել մասնավոր հարաբերությունների գործի, մինչդեռ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, և ցանկացած ոտնձգություն ԱԺ պատգամավորի նկատմամբ, այն էլ՝ հատուկ ստորաբաժանման կողմից, ոտնձգություն է հասարակական անվտանգության դեմ։
«Այս մարմինները փորձում են քողարկել թե՛ Ալեն Սիմոնյանի ապօրինությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ սադրիչ հայտարարությունը․ հիշեցնեմ՝ դա այն էր, որ երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Աննա Մկրտչյանի դրվագից հետո խնդրեց գնահատական տալ Քաղաքացիական պայմանագրի այն պատգամավորներին, որոնք աղմկում էին տեղից և վիրավորական արտահայտություններ էին անում Աննա Մկրտչյանի հասցեին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արդարացրեց դա, այլև հրահրեց այն, ինչ վայրկյաններ անց տեղի ունեցավ դահլիճում՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցները, իրենց ծառայության պետի գլխավորությամբ, արհամարհելով օրենքը, արհամարհելով պատգամավորի անձեռնմխելիությունը, ոչ միայն ֆիզիկական ուժ գործադրեցին պատգամավորի հանդեպ՝ հասցնելով մարմնական բազմաթիվ վնասվածքներ, այլև խախտելով սահմանադրական նորմերը, մեկուսացրին, զրկեցին ազատությունից։ Պատահական չէ, որ այս ապօրինությունը զարգացում ունեցավ օգոստոսի 25-ի նիստում, երբ ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ որոշեցին խուլիգանական հարձակումներ կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։ Այս ամենը գալիս էր նրանից, որ հենց օգոստոսի 24-ին քաղաքական իշխանության պահվածքը, նրանց սադրիչ և ապօրինի վարքագիծը բերեց նման հետևանքների, որի հետևանքով արդեն բազմաթիվ պատգամավորներ ստացան մարմնական վնասվածքներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Այս ամենը, նրա համոզմամբ, խոսում է այն մասին, որ գործ ունենք հանցավոր մի խմբավորման հետ և պետք է հասնել քրեական գործի հարուցմանը և մեղավորներին պատժի ենթարկելուն։
Մանրամասն՝ տեսանյութում․