Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականի դեկտեմբերի 30-ին Կենտրոնական բանկը որոշում կայացրեց բանկերի կանոնադրական կապիտալի շեմը 6 անգամ բարձրացնելու մասին: Այս պահին հանրապետությունում գործում են 21 առևտրային բանկեր, որոնց մեծամասնության կապիտալը տատանվում է 10-ից 20 միլիարդ դրամի սահմանում: Տեղեկացնենք, որ մինչև հիմա ԿԲ-ի սահմանած շեմը 5 միլիարդ դրամն էր, իսկ 2017թ. հունվարի 1-ից դառնալու է 30 միլիարդ դրամ:
Պատկերացնելու համար, թե ինչ գործընթաց է սա, ներկայացնենք այն ավելի հասկանալի լեզվով: Պատկերացրեք, որ դուք զբաղվում եք, ասենք, կարտոֆիլի վաճառքով, և ձեր ունեցած հողակտորը ձեզ տալիս է տարեկան մոտավորապես 1000 կգ կարտոֆիլ: Հիմա պատկերացրեք, որ ձեզ ասում են, թե այսուհետ կարտոֆիլի աճեցմամբ և վաճառքով զբաղվելու համար պետք է աճեցնեք տարեկան 6000 կգ: Բնական է` ձեր հողակտորը այդ հնարավորությունը չի տալիս, և դուք ստիպված եք լինելու կա'մ հողակտոր գնել, կա'մ բանակցել ձեր հարևանի հետ, որպեսզի միացնեք հողակտորները և սկսեք միասին կարտոֆիլ աճեցնել:
Հիմա նույն վիճակը բանկային համակարգում է, որոնք ունեն 2 տարի ժամանակ, որ ընտրեն 3 տարբերակներից մեկը՝ հավաքել իրերը և հեռանալ ոլորտից, բանակցել հարևանի հետ՝ միավորելով բիզնեսը, 3-րդը` ներգրավել նոր ֆինանսական միջոցներ և շարունակել գործունեությունը:
Նախքան այս 3 տարբերակներին անդրադառնալը նախ հասկանանք` ինչո՞ւ 30 միլիարդ դրամ կապիտալ, այլ ոչ թե, ասենք, 10 կամ 20: Այս ամենը հասկանալու համար նախ պետք է տեղեկություն ստանանք, թե, ընդհանրապես, ինչ կապիտալ ունեն մեր բանկերը: Այսպես՝ 21 առևտրային բաներից 3-ը՝ «ԲՏԱ», «Բիբլոս բանկ Արմենիա» «Զարգացման հայկական բանկ», ունեն մոտավորապես 5-9 միլիարդ դրամի հասնող կանոնադրական կապիտալ: 6 բանկ՝ «Պրոկրեդիտ բանկ», «Հայէկոնոմբանկ», «Մելլաթ Բանկ», «Արմսուիսբանկ», «Արցախբանկ», «Անելիք բանկ», ունեն 10-ից մինչև 15 միլիարդ դրամի կապիտալ: 7 բանկ՝ «Առէկսիմբանկ», «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ», «Յունիբանկ», «Հայբիզնեսբանկ», «Պրոմեթեյ բանկ», «Ինեկոբանկ», ունեն 20-22 միլիարդ դրամի կապիտալ: Եվ միայն 5 բանկեր՝ «Արդշինբանկ», «Էյչ էյս Բի Սի բանկ», «Ամերիաբանկ», «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը», «ՎՏԲ-Հայաստան», ունեն 30 միլիարդից ավելի կապիտալ, ավելին` այս բանկերի կանոնադրական կապիտալը գերազանցում է 40 միլիարդը՝ հասնելով մինչև 52 միլիարդ դրամի:
Հավաքել իրերը, թե …
Կենտրոնական բանկի սահմանած` 6 անգամ բարձր շեմը պատահական չէ: ԿԲ-ն շատ քաջ գիտակցում է, որ 30 միլիոնանոց շեմը ոչ բոլորը կարող են ապահովել: Դատեք ինքներդ՝ 5-ից մինչև 13 միլիարդ դրամ կապիտալ ունեցող բանկերը, եթե տեղով ոսկի էլ դառնան, դժվար թե կարողանան բացառապես սեփական միջոցների հաշվին ապահովել Կենտրոնական բանկի պահանջը: Նրանք կգնան այդ քայլին միայն շատ մեծ ցանկության դեպքում՝ հաշվի առնելով, որ 2015-ից նրանք գործ ունեն նաև ԵՏՄ-ի բազմամիլիոնանոց շուկայի հետ:
Կենտրոնական բանկը նույնպես դա շատ լավ գիտակցում է, և այդ 30 միլիարդ դրամը, այսպես կոչված, ԵՏՄ-ի բարիքներից օգտվել կարողանալու գինն է: ԵՏՄ-ն նոր պահանջներ է թելադրում, Ռուսաստանի վիճակը օրեցօր վատանում է, և այս պայմաններում Հայաստանին, ավելին քան երբևէ, անհրաժեշտ է էլ ավելի հզոր բանկային համակարգ ունենալ: Որոշ բանկեր մեզ հետ զրույցում հղում են անում ոչ թե կապիտալի ապագա, այլ ներկա շեմին՝ նշելով, որ իրենց կապիտալն այս պահին բավարարում է ԿԲ պահանջը, իսկ թե ի՞նչ կլինի 2017-ից հետո, գուշակություններ չեն փորձում անել:
Գուշակություն անել պետք չէ՝ հասկանալու համար, որ փոքր կապիտալ ունեցող բանկերը, այսօրվանից սկսած, արդեն մտածում են իրենց գոյությունը պահպանելու մասին, և ամենայն հավանականաությամբ, 9 բանկեր, որոնց կապիտալը չի գերազանցում 15 միլիարդ դրամը կգնան միավորման ճանապարհով: Հետևաբար, եթե լինի բանկերի թվի նվազում, ապա դա կլինի փոքր կապիտալ ունեցող բանկերի հաշվին:
Բանկերի խոշորացում և թանկացումներ
Վերևում թվարկված 8 խոշոր բանկերը, որոնց կապիտալը գերազանցում է 20 միլիարդ դրամը, ունեն 2 տարի ժամանակ, որպեսզի իրենց կապիտալն ավելացնեն մինչև 10 միլիարդ դրամով: Ֆինանսական միջոցների ներգրավումը տեղի է ունենալու հիմնականում միջազգային կազմակերպությունների օգնությամբ և սեփական ներդրումների միջոցով: Այստեղ գործում է տնտեսության մեջ հայտնի փոխանցման մեխանիզմը, այսինքն` բանկերը, իրենց կապիտալը մեծացնելով, սահմանափակելու են հաճախորդներին հասանելի իրենց միջոցները, կդիտվի վարկերի տրամադրման աճի տեմպի զգալի դանդաղում, որը կուղեկցվի նաև վարկային տոկոսադրույքների աճով:
Սա նշանակում է, որ կարճաժամկետ հատվածում՝ մինչև նոր միջավայրին հարմարվելը, Հայաստանում տնտեսական աճի տեմպը կդանդաղի, կթանկանան նաև ապրանքները: ԿԲ-ն այս քայլով չի թաքցնում, որ գնում է բանկերի խոշորացման ճանապարհով, հակառակ դեպքում` կանոնադրական կապիտալը կսահմանվեր ոչ թե 30 միլիարդ, այլ, ասենք, 10-15 միլիարդ դրամ, որպեսզի փոքր բանկերը նույնպես կարողանային սեփական միջոցների հաշվին ապահովել իրենց գոյությունը:
Կենտրոնական բանկը, կարելի է ասել, ԵՏՄ-ից այս պահին շատ լավ ակնկալիքներ չունի և կարծում է, որ մեր տնտեսությանը լուրջ մարտահրավերներ են սպասվում` ճգնաժամի տեսքով, որին մեր ֆինանսական շուկայում գործող շատ բանկեր չեն կարողանա դիմակայել և վտանգի տակ կդնեն մեր երկրի տնտեսական անվտանգությունը: Այսօր, հայացք գցելով մեր բանկերին և բանկային կապիտալին, կարելի է ենթադրել, որ նոր բանկերի չբացվելու պարագայում Հայաստանում իրենց գործունեությունը կշարունակեն 15-16 առևտրային բանկեր: