Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ստեղծված իրավիճակում բանկերից խնայողությունների «փախուստ» է նկատվում, ինչը սպասելի գործընթաց էր։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս խնդրին անդրադառնում է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Ես ավելի վաղ կանխատեսել էի, որ այս իրավիճակում կապիտալի փախուստի տեսանկյունից ռիսկեր կան, հատկապես կուտակված խնայողությունների մասով»,- ասում է Ավետիսյանը։ Տնտեսագետի խոսքով՝ այդ «փախուստը» ոչ միայն երկրի տարածքից կլինի, այլև ազգային արժույթից դեպի կայուն արժույթ։
«Այսինքն՝ մարդիկ իրենց խնայողությունները պահում են նաև որոշակի ավանդների ձևով՝ որոշակի եկամուտներ ստանալու նպատակով։ Եվ երբ այդ խնայողությունների պահման արժույթն արժեզրկվում է ավելի բարձր տեմպով, քան ակնկալվող տոկոսադրույքներն են, որոնք պետք է եկամուտ բերեն, ապա, բնականաբար, ազգային արժույթով արտահայտված ֆինանսական միջոցները, ակտիվները փոխվում են արտարժույթի՝ կայունություն ունենալու համար։
Եվ, այո՛, որոշ դեպքերում նաև կարող են երկրից դուրս գալ, և մենք գործ կունենանք նաև կապիտալի որոշակի «փախուստի» հետ»,- հավելում է Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ բանկերում դրված ավանդների ծավալների նվազմանը վերջին ամիսներին պարբերաբար անդրադարձել է նաև Կենտրոնական բանկի նախագահը։
Նա նշել էր, որ ավանդների նվազումը տեղի է ունեցել մի քանի պատճառով, որոնցից է նախ այն, որ կորոնավիրուսով ու տնտեսական ընդհանուր իրավիճակով պայմանավորված՝ տնային տնտեսություններում կա եկամտի նվազում, մարդիկ այն կոմպենսացնում են խնայողությունների հաշվին։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նախորդ տարեվերջին հրավիրած ասուլիսում նշել էր, որ դոլարի թանկացմամբ պայմանավորված՝ բանկերից իրենց ավանդները հանելու պատճառով տնային տնտեսությունները ու բիզնեսը վերջին ամիսներին 5-7 մլրդ դրամի վնաս են կրել։
«Վնասը իրենց ներդրած ավանդներից չստացված տոկոսներն են։ Այսինքն՝ ինչ-որ պահի մարդիկ մտածում են, որ երևի ամենաճիշտ ձևը տանը սեփական դարակի մեջ կամ ներքնակի տակ պահելու մեխանիզմն է։
Գումարը հանում են, մյուս տարբերակը՝ կոտրում են դրամային ավանդը, տեղում սարքում են դոլարային ավանդ՝ ավելի ցածր տոկոս։ Ամեն ինչ տեսել ենք, տեսել ենք դոլարային ավանդեր, որ Հայաստանից դուրս են եկել, տեսել ենք դրամային ավանդներ, որ փոխակերպվել են դոլարի, տեսել ենք դոլարայի ավանդներ, որոնք մարվել են, մարդիկ փոխել ու սարքել են դրամ։
Մարդիկ նաև գումարը հանում են ու դնում նույն բանկում՝ պահատուփում։ Շատ ցավալի է, մենք արդեն որերորդ ճգնաժամն է նույն ծուղակի մեջ ենք ընկնում»,- ասել էր ԿԲ նախագահը։
Կապիտալի արտահոսքի մասին հարցին անդրադառնալով նա նշել է, որ նման խնդիր եւս կա.
«Ստեղծված իրավիճակում կան բիզնեսներ ու տնային տնտեսություններ, ովքեր նախընտրում են իրենց խնայողությունները պահել արտասահմանում, որը իրենց տեսակետից հանդիսանում է երաշխիք»,- ասել էր նա։
Այդուհանդերձ՝ ԿԲ-ն արձանագրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով ավանդների նվազումը տեղի է ունեցել շատ ավելի փոքր չափով, քան ակնկալվում է նման խորությամբ ճգնաժամերի պարագայում։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն կանխատեսում է, որ պատերազմի ավարտից հետո սկսված ազգային արժույթի արժեզրկման գործընթացը շարունակվելու է։
«Այն գործոնները, որոնք բերեցին ազգային արժույթի արժեզրկմանը, կան և խորանում են։ Եվ ազգային արժույթի փոխարժեքի նվազումը հետևանք է տնտեսական այս ձախողումների և անկման, որը շարունակվում է նաև այս օրերին։ Այս ահագնացող ֆինանսական խնդիրները նաև ֆինանսական շուկայում բերում են ռիսկերի ավելացման»,- ասում է նա։
Ըստ Ավետիսյանի՝ ընդհանուր առմամբ երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի կրճատումն այս իշխանության օրոք ակնհայտ տեսանելի է։
Եվ մեծ հաշվով դա նաև պայմանավորված է ներդրումային ռիսկերի բարձրացմամբ՝ քաղաքական գործոնից մինչև տնտեսական ոլորտի անորոշություններ։
«Այո՛, մեր ֆինանսական շուկան ունի որոշակի ռիսկեր, և նման զարգացումների պարագայում ավելի բացասական հետևանքների ականատես կլինենք։
Իսկ այդ ռիսկերը պայմանավորող գործոնները հիմնական մակրոտնտեսական են և կարիք ունեն օր առաջ պետական կարգավորմամբ և կարճաժամկետ գործիքներով պայմանավորված փոփոխության։ Հակառակ դեպքում, քանի կա այդ գործոնը, այնքան էլ դրա հետևանքներն են լինելու»,- նշում է նա։
Թադևոս Ավետիսյանը նաև անդրադառնում է հարցին, որ մարդկանց դրամային միջոցները նվազել են, նաև դրանով պայմանավորված մարդիկ կարող են սկսել ծախսել խնայողությունները։
«Իհարկե, մենք ականատես ենք նաև հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման։ Գնաճը և ազգային արժույթի արժեզրկումն ի վերջո բերում են դրամով արտահայտված իրական եկամուտների նվազման։ Եթե նույնիսկ անվանական եկամուտը մնա 100 հազար, բայց գնողունակությունը նվազում է գնաճին համարժեք»,- նշում է նա։
Հարցին, թե կարո՞ղ է միտում լինել, որ մարդիկ իրենց դրամական միջոցները հանեն բանկերից ու արտերկրում փորձեն կապիտալ ձեռք բերել, տնտեսագետը պատասխանում է, որ անորոշություններն ու դրանով պայմանավորված տնտեսական ռիսկերը նաև բերում են նրան, որ մարդիկ հակված են լինելու կապիտալը երկրից դուրս բերելու։
«Ներդրողներն իրական ներդրումները կատարում են ռիսկ-շահույթ հարաբերակցությունը հաշվի առնելով։
Եթե շահույթը չի ավելանում, այլ, հակառակը՝ իրական շահույթը, եկամուտները նվազում են, բայց զուգահեռ ավելանում է տնտեսական, քաղաքական, նաև կապիտալը կորցնելու ռիսկը, բնական է, որ նաև հակվածություն է լինելու կապիտալը դուրս բերելու և ավելի շահավետ պայմաններով ու ավելի քիչ ռիսկերով մեկ այլ ներդրման աշխարհագրություն և ոլորտներ գտնելու համար»,- ասում է Թադևոս Ավետիսյանը։
Ռոզա Հովհաննիսյան