Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-12-12 13:06
Քաղաքական

«Կարող եք դիմել դատարան, որ վարույթ սկսեն ու ինձ հայտարարեն հայոց լեզվի թշնամի»

«Կարող եք դիմել դատարան, որ վարույթ սկսեն ու ինձ հայտարարեն հայոց լեզվի թշնամի»

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում հանձնաժողովի անդամ` ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկեց օրակարգում ևս երկու կետ ավելացնել:

 

Մեկն այն է, որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը հանդես գա դատապարտող հայտարարությամբ` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված: Երկրորդ առաջարկը վերաբերում էր նրան, որ հանձնաժողովը քննարկի ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի գործողությունները և տա գնահատական: Մասնավորապես, Փաշինյանի խոսքով, դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում տեղի է ունեցել «Լեզվի մասին» օրենքի կոպտագույն խախտում, երբ հայ-ռուսական բարեկամության ակումբում նիստը վարել են ռուսերեն: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկա են եղել և ոչ միայն թույլ են տվել, որ օրենք խախտվի, նաև խոսել են ռուսերեն:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լեզվի պետական տեսչության պետի տեղակալն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ այդ ակումբում լեզվի մասին օրենքն է խախտվել: Պատգամավորը նշեց, որ օրենքը երեք անգամ անընդմեջ խախտելուց հետո նախատեսվում է քրեական գործ հարուցել:

 

«Դատապարտում եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կեցվածքը, երբ ինքը ԱԺ նիստում հայտարարում է, որ սրանից հետո կապահովվի լեզվի մասին օրենքի պահանջը, բայց այդ ակումբի նիստին իր պաշտոնական ուղերձն է հղում ռուսերեն լեզվով, որը նաև չի թարգմանվում հայերեն: Այդ հարցի հետ կապված` ես հարցումներ եմ անելու, որպեսզի ընթացակարգեր հարուցվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նա դիմեց նաև հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին. «Դուք անձամբ ներկա եք եղել այդ նիստին և, որպես հանձնաժողովի նախագահ, ցուցաբերել եք անգործություն: Ես ցավում եմ, որ Դուք տեղյակ չեք լեզվի մասին օրենքից»:

 

Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այո, ներկա եմ եղել և խոսել եմ ռուսերեն ու ռուսերենով մասնակցել դեբատներին: Մի' կասկածեք լեզվի մասին օրենքից` իմ տեղեկացվածությանը: Ոչ ֆորմալ ձևաչափը պետք է առանձնացնել պաշտոնական ձևաչափից, ըստ այդմ` այդ ակումբը ֆորմալ չէ, այդտեղ չի եղել ֆորմալ հանդիպում: Դուք չեք կարող ցույց տալ որևէ ֆորմալ հանդիպում, որտեղ համաժամանակյա թարգմանություն չի եղել: Օրեր առաջ ԱԺ-ի իմ սենյակում ես անգլերենով հարցազրույց եմ տվել, հիմա դա օրենքի խախտո՞ւմ եք համարում»:

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, հարցի հետ կապված, նշեց. «ԱԺ-ից դուրս ոչ ֆորմալ հանդիպում կարելի է «Բելաջիո»-ում կազմակերպել, բայց ԱԺ-ում ցանկացած հանդիպում ֆորմալ է: Նաև տարակուսելի է, որ այդ ակումբի աշխատանքներին չեն հրավիրվում ընդդիմադիր գործիչներ, որոնք կկարողանային իշխանության ներկայացուցիչների կարծիքներից տարբերվող կարծիք արտահայտել, ասել, որ սխալ է ԵՏՄ-ին միանալը, ասել, որ սխալ է ռուսերեն խոսելը»:

 

Վարման կարգով խոսեց նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` արտահայտելով իր կարծիքը Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկությունների վերաբերյալ:

 

«Չի գտնվի որևէ պատգամավոր, որ կարող է չդատապարտել խորհրդարանի անդամի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքը: Երկուշաբթի մենք կունենանք խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ կարող ենք դրա մասին հայտարարություններ անել: Բայց դա այն դեպքը չէ, որ վազենք արագ ու փորձենք մեկ քայլ առաջ ընկնել: Մենք ազատ ենք մեր կարծիքն արտահայտելու մեջ: Ես կասեմ, որ խիստ դատապարտելի է այդ դեպքը, և իրավապահ մարմինները օր առաջ պետք է տեղեկատվություն ներկայացնեն խորհրդարանին:

 

Ինչ վերաբերում է երկրորդ պահանջին, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ առաջարկը մեր այսօրվա նիստը առավել հետաքրքիր դարձնելու նպատակ է հետապնդում: Չեմ համարում, որ կա մեր լեզվին սպառնացող վտանգ, եթե նման վտանգ լիներ, ես պատրաստ կլինեի դառնալ Ձձեր համախոհը: Բայց այդ ակումբում հանդիպումները մասնավոր են, այսինքն` նման բան նախատեսված չէ ո'չ Սահմանադրությամբ, ո'չ էլ ԱԺ կանոնակարգով, հետևաբար, նրա կողմից անցկացված որևէ միջոցառում չի կարող տեղավորվել պաշտոնական ֆորմատում»:

 

Արտակ Զաքարյանը պահանջեց անցնել օրակարգի հաստատմանը` Նիկոլ Փաշինյանին դիմելով. «Կարող եք դիմել դատարան, որ վարույթ սկսեն ու ինձ հայտարարեն հայոց լեզվի թշնամի»:

 

Փաշինյանի առաջարկությունները դրվեցին քվեարկության, որոնց կողմ էին միայն Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Հանրապետական պատգամավորները ձայների մեծամասնությամբ դեմ էին այդ առաջարկնբերին, և առաջարկությունները չընդունվեցին: