կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 23:13
Սպորտ

Պետք է խաղանք հարձակվողական ֆուտբոլ` անկախ նրանից, թե ով է հակառակորդը. Բեռնար Շալանդ

Պետք է խաղանք  հարձակվողական ֆուտբոլ` անկախ նրանից, թե ով է հակառակորդը. Բեռնար Շալանդ

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

- Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից:

 

- Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ:

 

- Արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք խաղալ երկրորդ կազմով` հաշվի առնելով, որ ունեք պաշտոնական հանդիպում Դանիայի հետ:

 

- Ոչ, ես երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, ասենք թե, ընդմիջումից հետո փոխել յոթ ֆուտբոլիստի, բայց ես ուզում եմ տեսնել, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները, և այս խաղը շատ կարևոր այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ:

 

- Ի՞նչ գիտեք Լատվիայի հավաքականի մասին:

 

- Ես դիտել եմ վերջին երկու խաղերը Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Իհարկե, Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է, որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար:

 

- Հայտնի է, որ վնասվածք ունի Ռոբերտ Արզումանյանը: Կա՞ն արդյոք այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն:

 

- Ինչ վերաբերում է Ռոբերտին, ապա մեր բժշկական անձնակազմն աշխատում է, որպեսզի Ռոբերտը վերականգնվի և մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը: Այլ խնդիրներ չունենք: Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ` Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում:  

 

- Ենթադրվում է, որ Դանիայի դեմ դուք խաղալու եք պաշտպանությունից, իսկ Լատվիայի դեմ՝ ավելի շատ հարձակվելով: Չե՞ք կարծում, որ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում երկու խաղերում տարբեր մարտավարությամբ հանդես գալ:

 

- Ես հարգում եմ Լատվիայի հավաքականին և կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելի հարձակվողական ոճով խաղալ: Այստեղ պետք է հասկանալ մեկ բան` եթե մենք ուզում ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պետք է խաղանք ավելի շատ հարձակվողական ֆուտբոլ` անկախ նրանից, թե ով է հակառակորդը` Լատվիա՞ն, թե՞ Դանիան: Իհարկե, կարելի է խաղալ հակագրոհներով և հաղթել 1:0 հաշվով կամ ոչ-ոքի խաղալ, բայց դա կարող է լինել մեկ անգամ, և այս դեպքում ապավինել վերջնական հաջողությանը չի կարելի:

Վերջին ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց, բայց, միևնույն է, դա բավական չէր: Կարող է ես ռիսկի եմ դիմում, բայց դա անհրաժեշտ է` ընտրական մրցաշարում հաջողություն ունենալու համար: Մենք պետք է լինենք մի քիչ «խենթ»:

 

- Ի՞նչ նկատի ունեք` ասելով «խենթ»: Արդյո՞ք դա նշանակում է, որ թիմը պետք է լինի ավելի ագրեսիվ կամ իր ուժերին ավելի վստահ:

 

- Այդ երկու հասկացությունները մտնում են «խենթ» ասվածի մեջ: Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է, որպեսզի մարզչի հրահանգները ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

 

- Խաղալո՞ւ է արդյոք Հենրիխ Մխիթարյանը առաջին րոպեներից:

 

- Այո:

 

- Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի մոտակա հանդիպումներին: Ո՞վ պետք է փոխարինի նրանց, և ինչպե՞ս եք կարծում օգտագործել Մաուրո Գևգեոզյանին:

 

- Ակնհայտ է, որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, և առանց Մովսիսյանի և Օզբիլիսի մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք է ընդունեմ իրավիճակն այնպիսին, ինչպիսին որ կա և հավատամ, որ մյուս խաղացողները կկատարեն այն, ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք:

Ինչ վերաբերում է Մաուրոյին, այստեղ խնդիր կա նրա ակումբի հետ: Այս շաբաթ թիմը խաղ ունի, երկար ճանապարհ, վիզայի խնդիր, և մենք չկարողացանք համաձայնության գալ ակումբի հետ:   

 

- Դուք ասացիք, որ դիտել եք Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները: Ի՞նչ եք կարծում, Լատվիայի հավաքականի ո՞ր գծի ֆուտբոլիստները կարող են ձեզ ավելի շատ տհաճություն պատճառել:

 

- Դժվար է պատասխանել: Լատվիան ուժեղ է թիմային խաղով: Չի կարելի ասել, որ պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գիծը` շատ ուժեղ: Մի խոսքով` Լատվիան ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե առանձին գծերի խաղով:

 

ՀՖՖ պաշտոնական կայք