կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-17 12:36
Հասարակություն

Պաշտոնից հոգնե՞մ, ինչի քանի՞ տարեկան եմ. 11 տարվա` ՀՀԿ-ական գյուղապետ

Պաշտոնից հոգնե՞մ, ինչի քանի՞ տարեկան եմ. 11 տարվա` ՀՀԿ-ական գյուղապետ

Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 19-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` գործող գյուղապետ` ՀՀԿ-ական Կարո Գեւորգյանը եւ անկուսակցական Սպարտակ Գորանցյանը: Վերջինս մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչ վիճակ է տիրում գյուղում: Զրուցել ենք նաեւ գործող գյուղապետի հետ, ով արդեն 11 տարի է, ինչ ղեկավարում է գյուղը:


Կարո Գևորգյանը նախ բնական համարեց իրեն հասցեագրված այդ դժգոհությունները եւ դա բացատրեց իր` գործող իշխանությունը ներկայացնելու հանգամանքով: Նա համաձայն չէ, որ համայնքի ղեկավարի պաշտոնը ենթադրում է լծակներ, որովհետև գյուղում բոլորը միմյանց բարեկամ են, ուստի լծակներն այստեղ չեն կարող դեր խաղալ:



«Ասողը գլուխը պատով ա տվել: Իհարկե, նման բաներ չկան, դրանք հերյուրանքներ են: Ինձ մեղադրում են մարդկանց համոզելու մե՞ջ, բա ընտրությունը համոզելու համար ա, բա էդ դեպքում քարոզարշավն ի՞նչ է նշանակում: Եվ հետո գյուղապետի ընտրությունը եսիմ ինչ մի ընտրություն չի, որ ճնշման մեթոդներ գործի դրվեն»,- ասաց գործող համայնքապետը` հավելելով, որ համոզելը չի կարող ճնշում համարվել:



«Գյուղապետը թագավո՞ր ա, միապե՞տ ա, ի՞նչ ա, որ մի հատ էլ ճնշի»,- ասում է 11 տարի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող թեկնածուն:

 

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ արդեն 11 տարի անընդմեջ ինքն է զբաղեցնում այդ պաշտոնը, Կարո Գևորգյանը զարմացած պատասխանեց. «Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Գյուղացիները փոփոխություն են ուզում, թող գնան ուրիշ մարդու ընտրեն, ի՞նչ ա եղել որ: Ես անգամ քարոզարշավ անելու կարիք էլ չունեմ, որովհետև իմ արած աշխատանքն ակնհայտ է, հսկայական աշխատանք է կատարվում»:

 

Հարցին, թե արդյո՞ք չի հոգնել պաշտոնից, պատասխանեց. «Պաշտոնից հոգնե՞մ, ինչի քանի՞ տարեկան եմ, որ հոգնեմ: Ես լճացող չեմ, մանկավարժ մարդ եմ, ի՞նչ լճանամ: Որ սկի մարդ չլինի, երեխաների հետ եմ շփվում եւ մեծ բավականություն ստանում»:



Համայնքի գործող ղեկավարը մատնանշեց վերջին 10 տարիներին իր կատարած աշխատանքները, այն է` 10 կիլոմետր խմելու ջրի ներքին ցանցի անցկացում, երկու խորքային հորերի ու ոռոգման 2,5 կմ ոռոգման ցանցի անցկացում, մանկապարտեզի ու երկու նախակրթարանի կառուցում, գյուղամիջյան ճանապարհների լուսավորում, 10 հազար քառակուսի մետր երկրորդական ճանապարհների ասֆալտապատում` իրենց ջրահեռացումով, գազաֆիկացում և այլն:



Մեր դիտարկմանը, որ եթե լրագրողները հետևեն համայնքի ղեկավարի ընտրություններին, ապա ի՞նչ պատկեր կարձանագրվի, Գեւորգյանը պատասխանեց. «Բարով գաք: Վերջում հաստատ ասելու եք` շնորհակալություն, որովհետև ամենաեվրոպական չափանիշներին բավարարող ընտրություն է լինելու»: