Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տարեսկզբին էր' համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Արցախյան հերոսամարտի մասնակիցները միմյանց ողջունում էին' հարցնելով.
-Հա՞յ ես, ապե:
- Հա, ապե:
- Կայֆ ա, չէ՞:
***
Վարդան Պետրոսյանն ասում էր' լավ է, որ հայ ենք, քանի որ հայի մեջ առաջին հերթին արեւ կա /հայ անգլերենից թարգմանաբար նշանակում է բԱՐԵՎ/: Բայց վայն եկել-տարել է, երբ երկու արեւ մեկ վայրում են լինում' ստացվում է' հա՜յ-հա՜յ:
***
«Կայֆ ա» հայ լինելը' փողոցում քայլելիս ստիպված չես լինում ձեւական ժպտալ, անկեղծ մուննաթով ես զբոսնում: Ավելին, եթե ժպտում ես' տեղում որոշում են' կա'մ սիրահարված է, կա'մ աշխատավարձ է ստացել, կա'մ էլ սպասում է վիզայի պատասխանին:
Յուրաքանչյուր տոնի հաջորդում է մեռելոցը:
5-6 տարեկան երեխադ քեզ դատի չի տա, ինչ է, թե գոռացել ես վրան եւ «հոգեբանական ճնշում» գործադրել: Նման փորձ անողին ոստիկանները ոչ թե կխրախուսեն, այլ կխրատեն' հայավարի:
Միայն մեզ մոտ փողոցի ցանկացած խանութ ունի իր «նիսյայի տետրը», ուղղակի «գրովի» ապրանք վերցնելիս ստիպված հերթդ զիջում ես մյուս բոլոր սպասողներին:
Դասական համերգներին գնում ես 2000 դրամանոց տոմս եւ նստում կիսադատարկ դահլիճի ցանկացած շարքում: Մյուս կողմից` այնքան «ջերմ» ենք, որ ծափահարում ենք երեք անգամ' ստեղծագործության սկզբին, մեջտեղում եւ, իհարկե, վերջում:
Անձնագրիդ մասին հիշում ես միայն Հայաստանից դուրս գալու ժամանակ. ոստիկանները փողոցում կանգնեցնելիս լավագույն դեպքում անունդ են հարցնում:
Երեխայիդ չես բացատրում' աղջիկը տղային սիրելու համար է, տղան' աղջկան: Ավելին` ծնողները դպրոց ուղարկելիս երեխայի ուսապարկում, համենայն դեպս, պահպանակ չեն դնում:
Հայ լինելը կայֆ ա առավել եւս գիշերը. կեսգիշերին կարող ես դուրս գալ զբոսանքի, նստել կանգառներից մեկում' ցանկացած անտունի կողքին, ու դարդերով կիսվել, իսկ հետո ոտքով տուն գնալ. ոչ ոք չի վախենում մութն ընկնելուց:
Մենք ճանաչում ենք մեր հարեւաններին ոչ միայն դեմքով ու անունով, այլեւ «ուղնուծուծով»' ամսական եկամտով, եղած ու չեղած սիրածներով, տարած ու, ըստ մեզ, ունեցած հիվանդություններով, պահածոների տեսականիով ու քանակով:
Տղայիդ կամ աղջկադ հյուր գնալու դեպքում պետք չէ առիթ փնտրել, պետք չէ զանգել եւ պատճառաբանություններ գտնել' թոռներիդ տեսնելու համար: Այստեղ հորական եւ մորական տատ ու պապերը կիրակիները չեն բաժանում' թոռներին տեսնելու համար:
Հ. Գ. Հայ լինելը «կայֆ ա», նաեւ` առանց պատճառի:
Կարինե Հարությունյան