կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 14:06
Իրավական

Սուրիկ Խաչատրյանը ավտոմեքենայում ծեծել է Ավետիք Բուդաղյանին. փաստաբան

Սուրիկ Խաչատրյանը ավտոմեքենայում ծեծել է Ավետիք Բուդաղյանին. փաստաբան

Գնդապետ Արտակ Բուդաղյանի գործով քրեական հետապնդում չի իրականացվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատարյանի նկատմամբ: Քննիչը դա հիմնավորել է նրանով, թե  նա ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի չի ենթարկել: Սակայն փաստերը վկայում են հակառակը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ վերջապես իր ձեռքի տակ են գործի նյութերը, որոնք երկար ժամանակ հրաժարվում էին իրեն հանձնել: Եվ այդ նյութերում առկա տվյալները փաստում են Սուրիկ Խաչատրյանի մեղավորության մասին:

 

Սակայն նույնիսկ այս ապացույցների առկայության դեպքում Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական հետապնդում չի լինի: Բանն այն է, որ Հ. Ալումյանը դատարանով բողոքարկել էր քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը, սակայն թե' առաջին ատյանը, թե' երկու օր առաջ էլ վերաքննիչ դատարանը մերժել են փաստաբանի բողոքը:

 

«Սա վկայում է այն մասին, որ ակնհայտ ապացույցների դեպքում էլ պարտակում են գործը»,- ասաց փաստաբանը և լրագրողներին ներկայացրեց գործի նյութերում առկա կարևոր ապացույցները:

 

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկը տեսագրությունը, նաև ձայնագրություն է արել: Եվ ձայնագրության վերծանումը հենց ապացուցում է Սուրիկ Խաչատրյանբի մեղավորությունը:

 

Նախ` մինչև հրաձգություն լինելը Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը պատմում է, թե ինչպես են Ավետիք Բուդաղյանին ծեծել մեքենայում: Եվ որ ծեծողը եղել է հենց Սուրիկ Խաչատրյանը:

 

Կրակոցների ժամանակ հնչած ձայները հերքում են այն վարկածը, թե Խաչատրյանների կողմից արձակված կրակոցները եղել են ինքնապաշտպանությունից դրդված:

 

Իսկ ահա դեպքից հետո Խաչատրյանների հարազատները խոսում են, թե ինչպես են ոստիկաններին դիմավորելու, որտեղ են թաքցնելու զենքերը և այլն:

 

Փաստաբան Հայկ Ալումյանը մատնանշեց նաև այն փաստը, որ գործով բազմաթիվ խուզարկություններ են արվել, դրանք տևել են նվազագույնը 2 ժամ, կատարվել են առնվազն մեկ քննիչի և երկու օպերատիվ աշխատակցի կողմից: Իսկ ահա Ս. Խաչատրյանի առանձնատունը խուզարկվել է ընդամենը 35 րոպեում և միայն մեկ քննիչի կողմից: Եվ այդ խուզարկությունն էլ կատարվել է դեպքից 12 ժամ անց: Եվ որ կարևորն է` այդ խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվում: Հ. Ալումյանի խոսքով` այս փաստերից կարելի է եզարակացություն անել, որ խուզարկությունն իրականում կեղծ է եղել: Մեկ հոգին ուղղակի ֆիզիկապես չէր կարող հսկայական տունը խուզարկել և որևէ բան հայտանաբերել, այն էլ` 35 րոպեում:

 

Իսկ թե ի՞նչ են խոսել Խաչատրյանների հարազատները դեպքին նախարդող և հաջորդող պահերին, տեսանյութում ներկայացնում է փաստաբանը: