Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 17:30
Հասարակություն

«Դեմ եմ»-ի անդամները մտածում են կոշտ միջոցների անցնելու մասին

«Դեմ եմ»-ի անդամները մտածում են կոշտ միջոցների անցնելու մասին

Կառավարության կողմից ներկայացված և ԱԺ քաղաքական մեծամասնության  կողմից ընթացակարգային կանոնները խախտելու միջոցով ընդունված կուտակային կենսաթոշակային նոր օրենքը հնարավոր է ևս վիճարկվի ՍԴ-ում քառյակի կողմից: Ներկայումս քառյակի ներկայացուցիչները նյութեր են նախապատրաստում և «Դեմ եմ»-ի իրավաբանների հետ միասին քննարկում այդ գործընթացը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման մի քանի մասնակիցներ իրենց կարծիքը հայտնեցին ՍԴ դիմելու վերաբերյալ, նաև թե ինչ հույսեր ունեն ՍԴ երկրորդ անգամ դիմելու և օրենքը վիճարկելու առումով:

 

Դավիթ Մանուկյանը նշեց. «Դեմ չեմ, թող քառյակը կրկին վիճարկի օրենքը, և ես ու իմ ընկերները կսատարենք քառյակի այդ քայլին ՍԴ-ում: Պարզապես  դրա միջով մենք արդեն անցել ենք, և,  ի վերջո, նույն գործընթացը հանրությանը սկսում է ինչ-որ առումով հոգնեցնել: Իմ կարծիքով`  հանրության կողմից  արդեն ավելի կոշտ, ռադիկալ  միջոցներ  պետք է կիրառվեն, այլ հարց է, թե որքանով է հանրությունը պատրաստ այդ միջոցներին, բայց  այլ ելք, ուղղակի ցավով եմ ասում, էլ չեմ տեսնում»:

 

Գևորգ Գորգիսյանը նշեց. ««Դեմ եմ»-ի իրավաբանները աշխատում են քառյակի, մասնավորապես` Արծվիկ Մինասյանի հետ: Ներկա պահին քննարկումների, մտորումների փուլում ենք: Դե, մենք ունեինք ՍԴ որոշումը, որն այլ կերպ իրագործվեց: Այս անգամ չգիտեմ` ինչ կլինի, ամեն դեպքում` դիմելն իմաստ ունի, որովհետև իշխանությունները երևի մտածում են, որ կհոգնենք, կհիասթափվենք  ու չենք դիմի, բայց պետք է դիմել, որովհետև դա էլ պայքարի մի ուղղություն է, որը պետք է շարունակել այդ հարթության մեջ»:

 

Արտուշ Չիբուխչյանն էլ կարծիք հայտնեց. «Հասարակության բաժանեցին երկու մասի, մասնավորն էր ակտիվ պայքարում այդ համակարգի դեմ, մասնավորի  ակտիվ պայքարողներին փորձեցին  հանգստացնել` հետաձգելով մասնավորի համար պարտադիր բաղադրիչը: Հիմա կան խոսակցություններ, որ պետական համակարգի այն աշխատողներին, որոնք  74-ից առաջ են ծնվել, ասում են, որ  կամավոր միանան համակարգին: ՍԴ-ից ես ընդհանրապես հույսեր չունեմ: ՍԴ-ն  անգամ իր կողմից կայացրած որոշմանը չկարողացավ տեր կանգնել` հետագայում մոլորեցնող ձևակերպումներ տալով: Պետք է պայքարն ավելի  ուժեղացնելու ձև ստեղծել , բայց որ ՍԴ-ն կկասեցնի այդ որոշումը, ես հույսեր չունեմ»: