կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-05 12:37
Սպորտ

Միհրան Հարությունյանը իրավունք է ստացել միջազգային մրցաշարում ներկայացնելու Հայաստանը

Միհրան Հարությունյանը իրավունք է ստացել միջազգային մրցաշարում ներկայացնելու Հայաստանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու մեծ ցանկություն հայտնած, Ռուսաստանի առաջատար ըմբիշներից մեկը՝ ծնունդով էջմիածինցի Միհրան Հարությունյանը, ով անցած տարեվերջին նվաճել էր 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոնի կոչումը, վերջապես ՖԻԼԱ-ից պաշտոնապես իրավունք է ստացել հուլիս 1-ից միջազգային մրցասպարեզում ներկայացնելու Հայաստանը:

 

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում երիտասարդ ըմբիշը հայտնել է հետևյալը«Ուրախ եմ հայտնել, որ բյուրոկրատական գործընթացները, որոնց պատճառով ես ստիպված եղա բաց թողնել Սասարիի (Իտալիա) և Դորտմունդի (Գերմանիա) հեղինակավոր մրցաշարերը, մնացին հետևում: Հուլիսի 1-ին ՖԻԼԱ-ն պաշտոնապես հաստատեց միջազգային մրցաշարերում Հայաստանի հավաքականից ելույթ ունենալու իմ իրավունքը: Շատ ուրախ եմ, որ դա վերջապես իրականություն դարձավ, ու ես արդեն կարող եմ հայրենիքիս դրոշի ներքո հանդես գալ:

 

Շատ ափսոս միայն, որ աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ հանդիսացող վերոհիշյալ կարևորագույն մրցաշարերը ստիպված եղա բաց թողնել: Ժամանակը աղետալի ձևով չի բավականացնում: Իմ առաջիկա մեկնարկները կլինեն նախ` հուլիսի 19-20-ին հունական Օլիմպիայում, ապա` հուլիսի 27-29-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք միջազգային մրցաշարերում: Քիչ ժամանակ է մնում մինչև աշխարհի առաջնության մեկնարկը, սակայն այդ 2 մրցաշարերում կջանամ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար առավելագույնը անել:

 

Հավաքականի անդամները բոլորն էլ կարևոր մրցաշարերում արդեն փորձակել են իրենց ուժերը, միայն ես դեռ մրցաշարերին մասնակցելու կարիք ունեմ: Հավաքից հավաք ընկած ժամակաշրջանում մարզվում եմ հայրենի Էջիածնում ու Երևանում: Երբեմն անգամ ինձ համար հատուկ մարզումային մարզադահիճների անհրաժեշտություն չի լինում, ես գործնականում ամենուր կարող եմ ինքս ինձ համար անհրաժեշտ մարզումային մթնոլորտ ստեղծել:

 

Հունաստանում բնակող ընկերս տեղեկացրել է, որ Օլիմպիայի մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքելու: Ես հիմա Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 5-ին կմեկնեմ Ալուշտա` ուսումնամարզական հավաքի, իսկ այնտեղից արդեն կուղևորվեմ Հունաստանի և Ռումինիայի մրցաշարերում հանդես գալու»: