կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 19:36
Հասարակություն

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ. ԱԳ նախարար

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ. ԱԳ նախարար

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ ու դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ է համայնքային բոլոր կառույցների հետ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանի հարցին:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Լիբանանում հայկական համայնքը բավականին լուրջ խնդիրների առաջ է, Լիբանանում շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն այս առնչությամբ որևէ աջակցություն կցուցաբերի լիբանանահայ համայնքին:

«Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ, մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ ենք համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու ենք այդ երկխոսությունը, շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին:   Լիբանանահայ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ,  իրապես բավականին ճգնաժամային է:  Հայաստանը եղել և մնում է յուրաքանչյուր հայի հայրենիքն, ով ընտրում է ապրել Հայաստանում: Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել և պատրաստել այն անհրաժեշտ հիմքը, որ հնարավորություն կտա արձագանքելու»,-ասաց նախարարն ու նշեց՝ անմիջական օգնության առումով կանդրադառնան, երբ ավելի շատ հստակություն կլինի:

Պատգամավորը նշեց, որ Լիբանանում հակահայ տրամադրություններ են խրախուսվում Թուրքիայի կառավարության կողմից, հետաքրքրվեց նախարարի տեսակետով:

Նախարարը պատասխանեց՝ ատելության խոսքի յուրաքանչյուր նշանակալի դսրևորում առանձնահաատուկ մտահոգության տեղիք է տալիս: «Կրոնական, էթնիկ, ռասսայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը և ոչ միայն լիբանանահայությունը, խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների»,-ասաց Մնացականյանը: