Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմից որոշակի դադարներով գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք բնակավայրեր ու հայկական կողմի մարտական հենակետերը: Վիրավորներ ու զոհեր հայկական կողմից, բարեբախտաբար, չկան:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հիմա իրավիճակը հանգիստ է, հակառակորդը կրակը դադարեցրել է հայկական կողմի պատասխան կրակից հետո: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե այս անգամ հակառակորդի գնդակոծությունն աննախադեպ է եղել, թե հակառակորդը հրետանի է կիրառել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որե տեղեկությունները մի քիչ ուռճացված են:
«Այնպես չի, որ նման գնդակոծություն հաճախ է եղել, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես չի եղել: «Սովորական» գնդակոծություն է եղել, ինչն աննախադեպ չէ: Ասացին` արկի պայթյուն է եղել, խնդրեցինք բերել ու ցույց տալ արկի մնացորդներ, բեկորներ եւ այլն, որպեսզի հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, բայց նման բան չկար: Միգուցե ավելի խոշոր տրամաչափի գնդացիրներից, օրինակ` ԴՇԿ եւ այլ տիպի զենքերից են կրակել, ու դրա համար են մտածել, թե արկ է պայթել»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը` շեշտելով, թե ոչ մի պատերազմական վիճակ էլ չկա, ուղղակի այս անգամ հակառակորդը մի քիչ ավելի երկար է կրակել ու ավելի խոշոր տրամաչափի զենքերից:
Նա նշեց, թե չի կարող ասել` ինչով է պայմանավորված այդ ուղղությամբ վերջին շրջանում հակառակորդի կողմից դրսեւորվող ակտիվությունը եւ հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա պարբերաբար արձակվող կրակոցները: Ամեն դեպքում շեշտեց, որ հակառակորդի կողմից երեկ գիշերվա գնդակոծությունը, թեեւ ավելի ինտենսիվ է եղել, տևական ու ավելի խոշոր տրամաչափի զենքերի գործադրմամբ, բայց ոչինչ չկա, որը կարող է հուշել, թե այդ գնդակոծությունը հակառակորդի կողմից ավելի լայնածավալ մարտական գործողությունների նախապատրաստություն է: