Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին, նշեց, որ ինքը հարցում է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, թե որոնք են այն հիմքերը, որոնցով որոշվել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այսօր ՀԾԿՀ-ն ուղարկել է այդ հարցման պատասխանը, և Արամ Սարգսյանի խոսքով` ոչ մի լուրջ հիմնավորում չկա այդ պատասխանում:
«Ժողովուրդը հուսախաբ նստած է ու ոչ մի բանի չի հավատում, չի հավատում, որ բողոքելու միջոցով իր ձայնը լսելի կդարձնի: Ու այդ ամենի մեղավորությունը իշխանությանն է: Տեսեք` ամբողջ ընդդիմությունն ասում է` կուտակայինի նոր օրենքը թույլ տվեք քննարկենք, բայց քաղաքական մեծամասնությունը լսել չի ուզում և իր 66 ձայնով ԱԺ-ն դարձրել է դակող մարմին: Ինչի՞ մասին է խոսքը: Ռոբերտ Նազարյանը կանխագուշակումներ է անում, թե որքանով է բարձրանալու էլեկտրաէներգիայի գինը, եթե այդպես է, թող վարչապետ դառնա»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով` էներգետիկ համակարգում աուդիտ չի իրականացվել, և ոչ ճիշտ կառավարման պատճառով առաջացել է ֆինասնական ճեղքվածք, որը բարդում են քաղաքացու ուսերին: Արամ Սարգսյանի կարծիքով` ՀԷԿ-երի շահագործումը շահավետ բիզնես է, պարզապես երկրի բոլոր ոլորտներում անկումային վիճակ է, և այդ վիճակն ազդում է նաև էներգետիկ համակարգի վրա, որտեղ «ձախից ու աջից պարտքերի տակ են»:
Ըստ Արամ Սարգսյանի` քաղաքացիական բողոքների մանր օջախները միավորվելու են, որովհետև այսպես չի կարող շարունակվել: «Սոցիալական լարվածությունը սրվելու է, և կառավարությունը պետք է հաշվի նստի դրա հետ, պետք է հաշվի առնի ժողովրդի արդարացի պահանջը, այլապես լրիվ այլ վիճակ է հասունանալու»,- համոզված է նա:
Ինչ վերաբերում է Որոտանի կասկադի վաճառքի արդյունքում էլեկտրաէներգիայի կրկին թանկացման հնարավորությանը, ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Որոտանը էժան էլեկտրաէներգիա էր տալիս, և այն չպետք է վաճառվեր, հիմա գլխավոր հարցն այն է, թե որքանով է արդյունավետ Որոտանի վաճառքի գործարքը: