Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չշրջանցեց վերջին օրերի ամենաքննարկվող թեման, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, հայ ժողովրդի արժանապատվությանը: Պատգամավորի խոսքով` լեզվի խնդիրը նոր չէ, և ռուսական իշխանությունները վերջին 15 տարիներին պարբերաբար այդ հարցը դարձրել են քննարկման առարկա` փորձելով Հայաստանում իրենց լեզվի ազդեցությունը մեծացնել:
«Բայց այս մեթոդներով, այս ոճով, այս տոնով երբեք իրենց թույլ չեն տվել այնպես, ինչպես դա տեղի ունեցավ մի քանի օր առաջ: Սա, եթե պարզ ասենք, շանտաժ էր Հայաստանի և բնակչության, և իշխանությունների, և պետականության հանդեպ: Եթե դուք սրանք չանեք` ձեր անվտանգությունն ապահովել չի լինի: Կարծես թե մենք ռազմավարական դաշնակիցներ չենք, չունենք միջպետական համաձայնագրեր, ՀԱՊԿ-ի փաստաթղթեր, և մեր հարաբերությունները ոչ թե միջպետական են, այլ տիրոջ և ծառայի:
Ի՞նչ են ասում այդ կարգի մարդիկ, պայմանական` կիսելյովները: Նրանք ասում են. «Չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով` այլ, դժբախտաբար հնարավոր չէ»: Եվ ի՞նչ է ասում ՀՀ նախագահը ընդամենը երկու օր առաջ Վիեննայում. «Մեծ ցանկության դեպքում նույնիսկ չենք կարող հրաժարվել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունից, շատ պարզ պատճառով, որովհետև մենք չենք կարող մեզնից հրաժարվել, այսինքն` մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք»:
Եվ Կիսելյովին այս կարգի ընդունելությունը և նրա այդ հայտարարությունները անթույլատրելի են, և մեր պաշտոնյաներն այս ամենից պետք է դաս քաղեն: Մեր նախնիները հարյուրամյակներով չեն պահպանել մեր ինքնությունը, մեր տեսակը, չեն պայքարել մեր անկախության համար, որ ինչ-որ կասկածելի կիսելյովներ նման վերաբերմունք ցույց տան մեր ժողովրդին»,- ասաց Աղվան Վարդանյանը: