Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր, լրագրողների հետ խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին, տագնապ հնչեցրեց առ այն, որ սիրիահայ համայնքները ոչնչանում են:
Նա նշեց, որ Սիրիայում ընթանում է հիբրիդային պատերազմ, որն իր բնույթով բազմաբևեռ է, արդյունքում` մարդասիրական ճգնաժամ է առաջացել, ընդհանուր հաշվով` սիրիական պատերազմի արդյունքում 8-10 միլիոն մարդ դարձել է փախստական, ավելի քան 1 միլիոն մարդ զոհվել է:
Գագիկ Հարությունյանի խոսքով` քրիստոնեական բնակչությունը կրճատվել է 10 անգամ, առկա է մշակութային գենոցիդ, որովհետև թալանվել են հայկական բոլոր մշակութային կառույցները: Ըստ նրա` սիրիական պատերազմը վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը, քանի որ վարձկան զորքերի մեջ մեծաթիվ ադրբեջանցիներ կան և, իհարկե, թուրքական կանոնավոր զորամիավորումներ:
«Սիրիական պատերազմն ուղղակի սպառնալիք է այնտեղի հայության անվտանգության համար, որովհետև Սիրիայում են հանգրվանել Հայոց ցեղասպանությունից փրկվածները, որոնք կազմում էին արևմտահայության քաղաքակրթական հենքը: Կա Սփյուռքի նախարարություն, որն իր կարողությունների չափով փորձում է օգնել սիրիահայությանը, բայց դա քիչ է, և դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Քեսաբցի ազգագրագետ Հակոբ Չոլաքյանն էլ նշեց, որ սիրիահայերը ամենահարգվածն են Սիրիայում, որ նրանք Սիրիայի ժողովրդի բարեկամն են, և դա հաստատված իրողություն է: Ցավոք, հետագայում ի հայտ եկան ուժեր, որոնք վտանգավոր դարձան ոչ միայն Սիրիայի ազգաբնակչության, այլ նաև սիրիահայերի համար: Նա նշեց, որ Թուրքիան վաղուց արդեն միջամտել է սիրիական ճգնաժամին, և անցած 3 տարում կործանվեցին հալեպահայ դպրոցները, տպարանները, ճեմարանները, եկեղեցիները, հայերը մասսայաբար տեղահանվել են:
«Մարտի 21-23-ը ամբողջովին հայաթափվեցին Քեսաբի տասնյակ գյուղեր: Հայերը գաղթականների ցուպը վերցրած գաղթեցին Լաթաքիա: Քարուքանդ է եղել հայկական ամենամեծ գյուղերից մեկը` Նոր Գյուղը: Կեցության հարցերը շատ դժվարացած են, օրհասական է վիճակը, և երբեմն մենք մեղադրում ենք Հայաստանին, որ լռում են և չեն բարձրաձայնում այդ վիճակի մասին»,- նշեց գիտնականը:
Yerkir.am-ի ճշտող հարցին, թե ի՞նչ պետք է բարձրաձայնի հայությունը, որ կարողանա օգնել սիրիահայերին, Հակոբ Չոլաքյանը պատասխանեց, որ Սփյուռքի գաղութը պետք է ճնշում գործադրի խոշոր երկրների ղեկավարների վրա` բարեխոսելու միջոցով, վերջիններս էլ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որ Թուրքիան չվնասի սիրիահայ բնակավայրերը: Մեր հարցին` արդյո՞ք իրատեսական է նման բան պահանջել ներքին ու արտաքին խնդիրների հորձանուտում գտնվող Հայաստանից կամ Սփյուռքից, որ միջամտեն սիրիական ճգնաժամին, քեսաբցի գիտնականը հստակ պատասխան չտվեց, իսկ քաղաքագետ Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդ պահանջը, իրավամբ, փոքր-ինչ իրատեսական չէ:
Մեր մյուս հարցին` ինչո՞ւ սիրիահայերը չեն գալիս Հայաստան կամ Արցախ` բնաջնջվելուց փրկվելու համար, Հակոբ Չոլաքյանը պատասխանեց, որ սիրիահայերը տեղահանվել են Լաթաքիա, և արդեն մի քանի ամիս է` սպասում են, թե վաղը լավ կլինի, մյուս օրը լավ կլինի, և հետ կգնան իրենց տուն, բայց վիճակն աղետալի է դառնում, իսկ հայկական համայնքը կանգնած է արաբական աշխարհում ոչնչացման վտանգի առջև:
«Հայրենադարձությունը մեծ աշխատանք է պահանջում, հսկա գաղութ է` 25 հազարանոց: Իհարկե, սիրահայերն ասում են, որ միակ փրկությունը հայրենիքն է, բայց երբ գալիս է հեռանալու պահը, իրենք սկսում են այլ հաշվարկներ կատարել` ո՞նց թողնեն իրենց տունը, ունեցվածքը, ազգային կառույցները, սրբությունները: Չեն կարող թողնել, գալ»,- ասաց նա: