կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 18:10
Հասարակություն

Շուշան Պետրոսյանն առաջարկում է բոլոր պատգամավորներին` ներկայացնել իրենց տոհմածառերը

Շուշան Պետրոսյանն առաջարկում է բոլոր պատգամավորներին` ներկայացնել իրենց տոհմածառերը

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հայտարարեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ մեկտեղ կտան Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մեկնարկը: Նա նշեց, որ երկու հանձնաժողովները պատրաստվում են համատեղ արտագնա լսումներ անցկացնել նաև Ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչների հետ:

 

«Ուզում եմ լսել առաջարկություններ, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս միջոցառումներում խորհրդարանի դերը, ի՞նչ պետք է անի խորհրդարանը»,- հարցրեց Արտակ Դավթյանը:


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը նշեց, որ առաջարկ ունի: Նախ` նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի այդ միջոցառումները և դրա շրջանակներում արվող առաջարկները ոչ մի կերպ չքաղաքականացվեին, որովհետև, ըստ նրա, Ցեղասպանության խնդիրը յուրաքանչյուր հայի խնդիրն է, որը 20-րդ դարից հիվանդության պես գալիս է մինչ օրս:


«Ես` որպես բեմի մարդ, լավ գիտեմ, որ էմոցիոնալ ազդեցությունը շատ լավ աշխատում է, որովհետև դեսպաններն էլ մարդ են, ու թեև նրանք էլ գիտեն, թե ինչ են դիվանագիտական խաղերը, այնուամենայնիվ, կարող են ազդվել էմոցիոնալ նյութերից: Ես առաջարկում եմ, որ 131 պատգամավորները ներկայացնեն իրենց տոհմածառը, դա կարող է շատ ազդեցիկ լինել»,- ասաց Շուշան Պետրոսյանը` հավելելով, որ, բացի Ցեղասպանության վերաբերյալ չոր, վավերագրական փաստաթղթերից, կարելի է գործի դնել նաև էմոցիոնալ ֆոն ունեցող նյութեր:


«Ցավոք, մշակույթի գործիչների առաջարկներին երբեմն անլուրջ են վերաբերվում, բայց ես շատ լուրջ եմ ու խնդրում եմ այս հարցին շատ լուրջ վերաբերվել»,- ասաց Շուշան Պետրոսյանը:


Արտակ Դավթյանը, արձագանքելով երգչուհուն, ասաց, որ ինքը շատ լուրջ է վերաբերվում նրա  առաջարկին: Նա նշեց, որ կան նաև այլ առաջարկներ, մնում է միայն կազմել այդ բոլոր առաջարկությունների փաթեթը և հասկանալ, թե դրանց որ մասը կարող են իրականացնել: