Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ահավոր հոգնած էր, սփրթնած, նիհար, ոնց որ ինքը չլիներ, մարմնին կապտուկներ էին. այսպես էր դատարանում տված իր ցուցմունքներում նկարագրում Եվան թրաֆիքինգի ենթարկված իր 16-ամյա ընկերուհուն` Արևիկին, դեպքից մի քանի օր հետո: Արևիկին «ամուսնացրել» էին, խոստացել էին հարուստ ու ապահովված կյանք Ռուսաստանում, սակայն Հայաստանի սահմանը հատելուց հետո դժոխքը սկսվել էր:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործը մոտենում է ավարտին: Հունիսին 3-ին տեղի ունենալիք նիստի ժամանակ ամբաստանյալ Ռ.Մ-ն կասի իր վերջին խոսքը, որից հետո դատարանը` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, կանցի խորհրդակցական սենյակ: Այսօր կայանալիք նիստը հետաձգվեց, քանի որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալին դատարան չէին բերել, ներկա չէր նաև մեղադրող դատախազը:
Շուրջ երկու տարի տևած դատավարության ընթացքում տուժող աղջիկը նիստերին ներկայանում էր ցուցմունքներ տալու համար, այնուհետև նրա ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց` թույլ տալ չմասնակցել նիստերին` հավելյալ հոգեկան հուզումներ չունենալու համար: Դատական նիստերն անցնում էին լարված միջավայրում, նիստերից առաջ և հետո հաճախ մեղադրյալի ու տուժողների հարազատները փոխադարձ անեծքներ ու սպառնալիքներ էին տալիս: Իսկ մոտ երեք ամիս առաջ, երբ դատարանը հավելյալ հարցաքննության համար տուժողին դարձյալ պետք է դատարան հրավիրեր, պարզվեց, որ աղջիկը հանրապետությունում չէ` բնակվում է արտերկրում:
Համաձայն մեղադրականի` 23-ամյա Ռ. Մ.-ն 16-ամյա Արեւիկի հետ ծանոթացել է ընդհանուր ծանոթներից մեկի ծննդյան օրը, սկսել է սիրահետել, ընկերություն են արել: Մի օր էլ հերթական հանդիպումից հետո, երբ սուրճ են խմել, ու աղջիկն իրեն այնքան էլ լավ չի զգացել, Ռ-ն աղջկան տուն տանելու փոխարեն փախցրել է, տարել Սևան: Yerkir.am-ի հետ զրույցում Արևիկը պատմում էր, թե, հավանաբար, Ռաֆիկն իր սուրճի մեջ ինչ-որ բան է լցրած եղել, սակայն դա ապացուցել հնարավոր չէ, քանի որ գործը ոստիկանություն հասել էր բավականին ուշ, և արյան փորձաքննությամբ ոչինչ պարզել հնարավոր չէր:
Գործի նյութերում նշվում է, որ երկկողմանի համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Իսկ հետո արդեն աղջկան խոստացել է, որ հետը կամուսնանա ու կտանի Ռուսաստան` Վոլգոգրադում իր ընտանիքի հետ միասին կապրեն: Ռ-ն աղջկա ծնողների վստահությունը շահելու համար հանդիպում է նաեւ նրանց հետ, նույնիսկ «կարմիր խնձոր» է ուղարկում այս գործով մյուս ամբաստանյալ` մարմնավաճառ Քրիստինե Վարդանյանի հետ, ով ներկայանում է որպես Ռ-ի քույր: Սակայն հետագայում պարզվում է, որ այս երկուսը սիրային կապի մեջ են:
Ի դեպ, գործի դատավարությունը ընթացավ երկու փուլով, նախ` գործը քննվեց Քրիստինե Վարդանյանի մասով (դատապարտվեց 11 տարվա ազատազրկման), այնուհետև Ռ. Մ-ի մասով, քանի որ նա մինչ այդ հետախուզման մեջ էր:
«Ամուսնությունից» մոտ մեկ ամիս հետո Արևիկը, Քրիստինեն ու Ռ-ն ավտոբուսով գնում են Վոլգոգրադ: Վրաստանի սահմանը հատելուց հետո Ռաֆիկը վերցնում է տուժողի անձնագիրը` իբր սահմանապահներին ցույց տալու համար: Իսկ ահա Մինվոդի քաղաքում պարզվում է, որ Վոլգոգրադ հասնելու փող չկա, ու Արեւիկը ստիպված է մարմնավաճառությամբ զբաղվել: Արևիկը համառորեն հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվել ու ստիպված փողոց է դուրս եկել` այլ աշխատանք գտնելու: Ծանոթացել մի հայ տղայի հետ, ով էլ առաջարկել է սոխ մշակել: Այդպես` 10-15 օր հարկադրված հողագործությամբ է զբաղվել: Այս ընթացքում շարունակ դրդել են, որ մարմնավաճառությամբ զբաղվի, անընդհատ ծեծուջարդ է եղել: Երբ ծնողների հետ է խոսելիս եղել, Ռ-ն դանակը ձեռքին հետեւելիս է եղել զրույցին:
Մի օր էլ Արևիկը հավաքել է իրերն ու փախել տնից, հարեւան հայերը գտել են նրան, խոստացել Երեւան ուղարկել: Անձնագիրը աղջկան վերադարձնելու համար Ռ-ն ու Քրիստինեն ստիպել են գրություն թողնել, թե մինչ Ռ-ի հետ «ամուսնանալը» ինքը կույս չի եղել: Այս գրությունն էլ ի պաշտպանություն իրենց էին օգտագործում ամբաստանյալները դատավարության ընթացքում:
Նշենք, որ մեղադրող կողմը դատարանին միջնորդել է 11 տարվա ազատազրկման դատապարտել Ռ.Մ-ին, պաշտպանը միջնորդել է արդարացնել նրան:
Հ.Գ. Տուժողի անունը փոխված է: