Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի համար վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն ընդունելի է, քանի որ, ըստ պատգամավորի, նա ունի վարչապետի պաշտոնի համար անհրաժեշտ հատկանիշները: Yerkir.am-ի հետ զրույցում Մարկոսյանը նշեց, որ միայն դրական հատկանիշներ է տեսնում Հովիկ Աբրահամյանի մեջ:
«Եթե նա վարչապետ լինի, լավ կլինի, քանի որ նա շատ լավ գիտի ցածր խավին, միջին խավին ու ավելի շահագրգիռ կլինի աղքատ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կցանկանար, որ ապագա վարչապետը զարկ տար փոքր ու միջին բիզնեսին, որովհետև հենց ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, սկսել է զրոյից ու աճել:
Մարկոսյանը չի կարծում, թե, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով, կկասեցվի ԲՀԿ-ի պայքարը: Ըստ նրա` եթե ԲՀԿ-ն կոալիցիային մաս կազմի, բնականաբար, ԲՀԿ-ի պայքարը կկասեցվի, իսկ կոալիցիային մաս չկազմի, ապա կշարունակի պայքարը: «Եվ խնամիական կապերն էլ դեր չեն ունենա: Շատ հնարավոր է, որ ԲՀԿ-ն շարունակի պայքարը: Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ բացառել չես կարող»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հրաժարականի դրդապատճառներին, ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ դրանում դեր է խաղացել ոչ իշխանական չորս ուժերի համատեղ պայքարը կառավարության դեմ: Վրեժ Մարկոսյանը նաև նշեց, որ, իր կարծիքով, կառավարության կազմում կլինեն փոփոխություններ: «Երևի ֆինանսների նախարարը կփոխվի»,- ասաց նա:
Հարցին՝ ֆինանսների նախարարը կփոխվի, որովհետև վարչապետի սանի՞կն է, պատգամավորը պատասխանեց. «Երևի»:
Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը և դրանում ոչ իշխանական ուժերի ընդգրկմանը, Վրեժ Մարկոսյանը նշեց. «Դա ոչ ոք չի կարող ասել, մինչև չնշանակվի վարչապետը: Իհարկե, ցանկալի է, որ ընդդիմությունը մաս կազմի ազգային համաձայնությանը, ինձ թվում է՝ վատ չէր լինի»: