կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 17:48
Հասարակություն

Բովաձորի դպրոցը համայնքի միակ դպրոցն է, փակվելու մասին խոսք լինել չի կարող

Բովաձորի դպրոցը համայնքի միակ դպրոցն է, փակվելու մասին խոսք լինել չի կարող

Հանրակրթական դպրոցների վերակազմակերպման, միացման կամ փակման վերաբերյալ լուրերը ամենադժվար մարսվողներից են, քանի որ հատկապես մարզերում դրանց հետեւանքով աշակերտները ստիպված են լինում հասնել կողքի գյուղը` կրթություն ստանալու իրենց իրավունքն ապահովելու համար: Խոսակցություններ էին պտտվում, որ Լոռու մարզի Բովաձոր գյուղի միջնակարգ դպրոցը նույնպես փակվելու վտանգի առջև է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Բովաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Խարազյանը տեղեկացրեց, որ դպրոցն այս պահին ունի 31 աշակերտ, որը մեծ թիվ է` դպրոց չփակելու համար:

 

«Վերջին տարիներին մեր աշակերտների թիվը ո՛չ աճել, ո՛չ նվազել է: Առաջին դասարանցիների հոսքը նույնպես նույնն է, այսինքն` չենք կարող ասել, թե աշակերտների թվի պակաս է գրանցվել: Բովաձորի միջնակարգ դպրոցը համայնքի միակ դպրոցն է, փակվելու մասին խոսք լինել չի կարող: Դպրոցի փակման վերաբերյալ որևէ քննարկում, առավել եւս` որոշում գոյություն չունի»,- ասաց Խարազյանը:

 

Բովաձորի գյուղապետ Էդվարդ Մելիքսեթյանն էլ հավաստիացրեց, որ դպրոցը գործում է եւ գործում է հավուր պատշաճի:

 

«Որ աշակերտների քանակը պակասեր, ուրիշ բան, կասեինք` էդ խոսակցությունը որտեղից է գալիս, բայց ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ պետք է փակվի: Առավելագույնը 43 աշակերտ ենք ունեցել, իսկ 31-ը միջին թիվն է, որը պահպանվում է»,- ասաց նա: