Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«12 օր երեխայիս տանջելուց հետո աչքը վնասել էին, թոքը վնասել էին, արյան վարակ էին անցկացրել»,- Լուսինե Փարսադանյանն իր մեկամյա բալիկին կորցրել է մոտ մեկ տարի առաջ: Երեխան մահացել է 2012 թվականի սեպտեմբերի 4-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Yerkir.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ երեխայի մահից հետո Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակարանը վաճառել են, տեղափոխվել Մասիս քաղաք. «Տան ամեն անկյունը երեխային էր հիշեցնում: Այդ հիշողությունները... Բայց դա էլ չօգնեց: Իմ Էլենը չի մահացել: Ես միշտ ասում եմ, որ երկու բալիկ ունեմ: Ուղղակի մեկն Աստծո մոտ է»:
Լուսինեն պատմեց, որ երեխան ծնվել է առողջ, բժշկական սքրինինգի արդյունքները ցույց են տվել, որ որևէ խնդիր նրա մոտ չի եղել: 10-11 ամսականում երեխայիս մոտ քնկոտություն է նկատվել, ինչը, մոր ենթադրությամբ, հետևանք էր այն բանի, որ մի քանի օր կատվախոտի կաթիլներ էր օգտագործել` կրծքով կերակրելու ընթացքում: Ամեն դեպքում դիմել է մանկաբույժին:
«Պոլիկլինիկայից ուղեգիր տվեցին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` հանրապետության գլխավոր նյ արդաբան Արծրուն Վաղինակովիչի (Հակոբյան) մոտ: Մեզ չընդունեց, ասաց` մոտեցեք բժիշկների սենյակ: Մեկ ժամ սպասելուց հետո ընդունեց նյարդաբան Լեսյա Ալեքսեևնան: Նայելով երեխայիս` ասաց. «Տիկին, երեխան նորմալ չէ, մազերի գույնը բաց է, քիթը փոքր է: Ձեզ նման չէ, չաղ է»: Նշանակեց պիրացետամ և մերսում»,- պատմեց Լուսինեն եւ հիշեց, որ մերսող բժիշկն ասել է, թե երեխան որևէ խնդիր չունի, թեև նյարդաբանն ասել էր, թե ոտքերի մկանները թույլ են:
Պիրացետամ խմելու երրորդ օրը երեխայի մոտ ցնցում է լինում, շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. «Բոլոր անալիզներն արեցին, պատասխանները մաքուր էին, անգամ հոգեբույժի մոտ ենք եղել, ասաց` ուղեղի հետ կապված` ոչ մի խնդիր չկա, միայն խոսքն ուշ է զարգանալու»:
Հինգ օր հետո դուրս են գրվում, և բժշկի նշանակմամբ` ընդունում դեղեր: Որոշ ժամանակ անց` 2012-ի օգոստոսի 22-ին, երեխայի մոտ թաթիկի, այնուհետև շուրթի դող է նկատվում: Տեղամասային մանկաբույժի խորհրդով երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲՀ:
«Քանի որ էդ օրը գումար չկար մոտս, չկարողացանք երեխային տանել հիվանդանոց, հաջորդ օրը երեխաս ընդունվեց: Ամբողջ ճանապարհին խաղում էինք, աշխույժ էր, ուղղակի թաթիկի դողն էր ու շրթունքի: Հետո քնեց, հոգնել էր: Ընդունեցին ռեանիմացիա, ինձ չթողեցին ներս մտնել, ասացին, որ դեղ են ներարկել, դողն անցել է»,- պատմեց Լուսինեն:
Հենց այդ օրն էլ նա վերջին անգամ է տեսել իր բալիկին. «Խնդրեցի, որ գոնե մի ակնթարթ երեխայիս տեսնեմ: Նա շատ էր սիրում թաթիկներով մարզանք անել, այդ պահին մարզանք էր անում: Այդ մի ակնթարթն էր, որ ապակու հետևից տեսա իմ երեխային»:
Լուսինեն պատմեց, որ 12 օրվա ընթացքում տարբեր հետազոտություններ են արվել, բժշկուհի Ռուզաննա Կառլենովնան նույնիսկ հայտնել է, թե երեխան ի ծնե էպիլեպսիա ունի, երկու օր դրա դեմ բուժում են արել, սակայն հերքվել է այդ ախտորոշումը: Թեև բժիշկներն ասել են, որ երեխային տրվող դեղորայքը չափավոր է և նույնիսկ չափաբաժինն ավելացնելու տեղ կա, սակայն Լուսինեն նշում է, որ այդ դեղերից երեխայի երիկամներն ու մյուս կարևոր օրգանները ընկճված են եղել:
Սեպտեմբերի 4-ի կեսօրին, երբ գնացել է երեխային տեսնելու, բաժնի վարիչը հայտնել է, որ երեխան մահացել է, իսկ մարմինը տեղափոխել են պատանատոմիայի բաժանմունք` դիահերձման, առանց իրեն տեղեկացնելու:
«Որտե՞ղ է իմ ստորագրությունը, որ ես համաձայն եմ` այդ նույն հաստատությունում կատարեն դիահերձում: Իսկ հաջորդ օրը մարմինը չեն տալիս` ասելով, թե` բժիշկը տեղում չէ, գնացեք, վաղը եկեք, մյուս օրը եկեք: Կազմակերպված ձևով ցանկանում էին թաքցնել իմ երեխայի մահվան պատճառը: Սա հանցագործություն է: Գրեցին արյան վարակ, ճարպային հեպատոզ, թոքաբորբ` աջ թոքի թարախակալումով, ուղղակի իսկական պատճառը չգրեցին»,- ներկայացրեց Լուսինեն:
2013 թվականի հունվարի 29-ին Լուսինե Փարսադանյանը դիմում է գրում ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, մի քանի ամիս հետո, սակայն, գործը կարճվում է, հիմք է ընդունվում փորձագիտական եզրակացությունը:
«Դատաբժշկական փորձագիտական նիստի ժամանակ փորձագետներից մեկն ինձ հարցրեց` ինչի՞, Դուք չէի՞ք սպասում ձեր երեխայի մահվանը: Նա կին էր, ո՞նց կարող է` մայրն իր երեխայի մահվանը սպասի»,- պատմեց Լուսինեն:
Գործը կարճելու որոշումը դատարանով բողոքարկելու շնորհիվ նորից քննություն է սկսվել` Լուսինեի դիմումի հիման վրա, քրեական գործ է հարուցվել, Լուսինեն ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:
Ա.Կ.
Լուսանկարում`Էլեն Փարսադանյանն է, լուսանկարը Լուսինե Փարսադանյանի ֆեյսբուքյան էջից է: