կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 14:36
Քաղաքական

ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը միայն Հայաստանն է

ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը միայն Հայաստանն է

Եթե  սահմանային յուրաքանչյուր խախտման դեպքում մեզ թվում է, թե ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկի ու միջամտություն ցուցաբերի, նման ստորագրված փաստաթուղթ գոյություն չունի ՀԱՊԿ անդամ երկրների միջև. լրագրողներին այսօր ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով հարցին, թե սահմանային միջադեպերի դեպքում ինչպես պետք է իրեն դրսևորի ՀԱՊԿ-ը:

 

Նա նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև կան ստորագրված փաստաթղթեր, թե որ դեպքերում ինչ է նշանակում ռազմական ագրեսիա, ինչպես են որոշումներն ընդունվում և այլն:

 

«ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի նախ` մեր երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Ռազմական ագրեսիան դա առանձին սահմանի խախտման դեպք չէ: Մենք այսօր Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ունենում ենք սահմանախախտման դեպքեր, օրինակ` ձերբակալվում են սահմանախախտներ, ովքեր հատել են ՀՀ սահմանը Թուրքիայի կողմից կամ այս կողմից փորձել են անցնել մյուս կողմը: Հիմա ամեն մի սահմանախախտման կամ սահմանային ոտնձգությունների հետ կապված որոշումներ ՀԱՊԿ-ի շրջանակներում գոյություն չունեն: Խոսքը վերաբերում է զինված հարձակմանը, զինված ագրեսիային, հասկանո՞ւմ եք` պետության դեմ…»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե դիվերսիոն խմբերի հարձակումները, ըստ էության, զինված հարձակումներ չե՞ն, կամ պետության դեմ չե՞ն, ԱԱխ քարտուղարն արձագանքեց, թե պետք է կարողանալ իրավիճակը սթափ գնահատել:

 

«ՀԱՊԿ-ը դա ռազմական, քաղաքական դաշինք է, ու ՀԱՊԿ-ի անդամ յուրաքանչյուր պետություն ունի իր հարաբերությունները և' Հայաստանի Հանարպետության, և' այլ երկրների հետ: Եվ որ դեպքում է դա դիտվում զինված հարձակում, դա նախատեսված է միջպետական պայմանագրերով»,- շեշտեց Արթուր Բաղդասարյանը:

 

Yerkir.am-ի մյուս հարցին` որևէ խոստում, երաշխիք կա՞ ՀԱՊԿ-ի կողմից, թե ինչպես պետք է արձագանքի ՀԱՊԿ-ը ԼՂՀ-ի դեմ ագրեսիա սանձազերծվելու դեպքում, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:

 

«Այսինքն` ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ու խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, ռազմական հարձակման, որը հստակ կանոնակարգված է ու վավերացված միջպետական պայմանագրերով»,- նշեց Արթուր Բաղդասարյանը` լրացուցիչ պարզաբանելով, որ այդ համաձայնագրերում ամեն ինչ հստակ է, թե որ դեպքում ինչպես պետք է արձագանքի ՀԱՊԿ-ը, ինչ է նշանակում ռազմական ագրեսիա և այլն: