կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 15:30
Տնտեսական

7% տնտեսական աճ չապահովելը չի կարելի հաջողություն համարել. Վահրամ Ավանեսյան

7% տնտեսական  աճ չապահովելը չի կարելի հաջողություն համարել. Վահրամ Ավանեսյան

Անցնող տարվա ձեռքբերումներից մեկը արտաքին տնտեսական քաղաքականության մեջ երկու ուղղությամբ հաջողություններն են, որոնցից մեկը վերաբերում է ՄՄ-ի հետ ստորագրված ճանապարհային քարտեզին, իսկ երկրորդը Եվրախորհրդարանի կողմից հաստատված` ԵՄ երկրների հետ GSP+ համակարգի շարունակությունն է 2014-2015 թվականներին. լրագրողներին այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

 

Ինչ վերաբերում է ձախողումներին, այս տարի, ըստ նախարարի, իհարկե, շատ դժվար տարի էր` ներդրումների տեսանկյունից: «Կարծում եմ, որ դա թերեւս մեր ձախողումներից է»,- ասաց Ավանեսյանը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին' «գազային» պայմանագրերի վավերացումը հաջողությո՞ւն է , թե՞ ձախողում, ինչին Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, թե Հայաստանում առաջիկա 5 տարիներին գազի գնի վերաբերյալ կնքված պայմանագիրն, իհարկե, համարում է հաջողություն: Իսկ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը Ռուսաստանին տալու մասին նախարարն ասաց, թե չի կարող պատասխանել' ձեռքբերո՞ւմ էր, թե՞ ձախողում:

 

Լրագրողները հարց ուղղեցին նաեւ «Արմավիայի» պարտքի կապակցությամբ` հետաքրքվելով, թե հնարավո՞ր է, որ «Արմավիայի» պարտքը պետությունը փակի: Նախարարը պատասխանեց, որ դա ավելի շատ իրավական հարց է: Իսկ դիտարկմանը` եթե հարցին նայենք պետության կողմից տրված երաշխիքների ու լիցենզիայի շրջանակներո՞ւմ, պատասխանեց` եթե պետությունը երաշխիք է տրամադրել, ապա, բնականաբար, պետք է կատարի դրանք:

 

Անդրադառնալով «Կարֆուրի» մասին հարցին' Վահրամ Ավանեսյանը նշեց, որ, իրենց տեղեկություններով, «Կարֆուրը» մինչեւ մայիս ամիս պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում բացել իր առաջին կենտրոնը:

 

Ձեռքբերումների՞, թե՞ հաջողությունների շարքից էր նախագահի կողմից նախանշված` 7 տոկոսանոց տնտեսական աճին չհասնելը, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց. «Կառավարության ծրագրով նախատեսված 5-7 տոկոս տնտեսական աճը, որը միջին տնտեսական աճն էր կանխատեսում, այս տարի, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հասնել դրան, եւ դա, իհարկե, հաջողություն չի կարելի համարել: Բայց ես ասեմ, որ տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, էլի կլինի ամենաբարձրերից»: