կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 14:16
Քաղաքական

ՌԴ-ն և աշխարհը պետք է իմանան, որ այդ համաձայնագրերը չեն վավերացվել. Ն. Փաշինյան

ՌԴ-ն և աշխարհը պետք է իմանան, որ այդ համաձայնագրերը չեն վավերացվել. Ն. Փաշինյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ էլեկտրոնային քվեարկությունը չի գործում, պետք է գործի հաշվիչ հանձնաժողովը, որը հաշվելուց հետո պետք է կազմեր արձանագրություն, որում նշված պետք է լինի, որ, օրենքով սահմանված կարգով, քվեարկությունը տեղի է ունեցել ու կայացվել է որոշում: Այսօր լրագրողների հետ զրույցում քվեարկության վերաբերյալ պարզաբանումներ տվեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով` ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի 24 հոդվածի հինգերորդ մասի` հաշվիչ հանձնաժողովը յոթ անդամ ունի, որոնցից չորսը պետք է կողմ լինեն, որ որոշումը համարվի ընդունված: Այնինչ` չորս անդամ չեն մասնակցել որևէ գործընթացի` ո'չ հաշվելու, ո'չ արձանագրություն կազմելու, ինչը նշանակում է, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում գազային համաձայնագրերի վավերացման որոշումը չի ընդունվել: «Հիմա կարող է մեկը հայտարարել, որ 77 կողմ է եղել, մյուսն էլ կարող է հայտարարել, որ 64 հոգի են մասնակցել քվեարկությանը: Ինչպե՞ս պետք է ստուգենք` որն է ճիշտ: Դա պետք է ասի հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, որը չկա, դա նշանակում է, որ որոշումը չի ընդունվել»,- ասաց Փաշինյանը:

 

Հարցին` որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը` այս հարցի հետ կապված, արդյո՞ք դիմելու են Սահմանադրական դատարան, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար դիմենք ՍԴ, եթե որոշում չկա ընդունված: Հանրապետականների ասելով չի: Կանոնակարգ-օրենքը հստակ որոշում է, թե ինչպես է քվեարկման գործընթացը կազմակերպվում»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով` ընդդիմությունը արձանագրել է փաստ, որ չկա ընդունված որոշում, հիմա, թե ի՞նչ կանեն հանրապետականները, երբ իրենց դե յուրե հայտարարությանը կծանոթանա ընդդիմությունը, ըստ այդմ էլ` կկայացվի որոշում, թե ինչ անել հետո:

 

Ըստ Փաշինյանի` հանձնաժողովը այն մարմինը չէ, որ միայն թղթեր է տանում, բերում, զանգում, sms-ներ ուղարկում, այլ հաշվիչ հանձնաժողովը մի մարմին է, որը հրավիրում է նիստ ու կայացնում որոշումներ: Ըստ այդմ` ցանկացած թուղթ, որը չի ընդունվել հանձնաժողովի կողմից օրենքով սահմանված կարգով, համարվում է առ ոչինչ: Պատգամավորը նաև նշեց, որ առաջին հակաքայլը կլինի այն, որ ընդդիմադիր պատգամավորները, հանրությունը, ՌԴ-ն և աշխարհը պետք է իմանան, որ համաձայնագիրը չի վավերացվել: Դրանից բխող մնացած քայլերը կլինեն արդեն հետագայում: «Եթե չվավերացված արձանագրության հիման վրա որևէ մեկը պետության սեփականությունը փոխանցի ուրիշին, ուրեմն այդ ուրիշի հետ մենք խոսակցություն կունենանք օրենքով սահմանված կարգով»,- ասաց Փաշինյանը: