կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 22:04
Առանց Կատեգորիա

Հայ-թուրքական դերասանություն

Հայ-թուրքական  դերասանություն

Դեկտեմբերի  վեցինթուրք և  հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Հովհաննես Աջինյանը  Վրաստանի մայրաքաղաքում  իրար ձեռք սեղմեցին:  Այդ ընթացքում նրանք ձեռքի հետ ձեռքսեղմումի համաշխարհային ռեկորդ սահմանեցին,  իրար բաց չթողնելով  43 ժամ շարունակ: Խորհրդանշական անվանված  ակտը  ի սկզբանե  ուղեկցվեց  համապատասխան քարոզչությամբ:

 

Կարծում եմ  իսկապես երեւույթը խորհրդանշական է, բայց այն իմաստով, որ իրար ձեռք են սեղմել երկու դերասաններ եւ հետեւաբար տեղի ունեցածը  ավելին չէ  քան՝ դերասանությունը:

 

Հետաքրքիրն այստեղ այն է թերեւս, որ մեզանում միշտ գտնվում են մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահում, հանդես գալու որպես ազգի, երկրի եւ երբեմն էլ պետության ներկայացուցիչներ: Սեփական մանր  հավակնոտությունը ) գուցե նաեւ ինչ-ինչ  շահեր  բավարարելու համար  նրանք  պատրաստ են թուրքերի հետ հաշտեցման կամ եղբայրացման նպատակով համատեղ մշակութային, տնտեսական կամ հասարակական բնույթի ձեռնարկումներ նախաձեռնել, եղբայրական ձեռքսեղմումներ եւ նմանատիպ  շոուներ կազմակերպել: Իսկ ոմանք էլ ավելի են առաջ անցնում եւ որոշում են , թե օրինակ կարող են հանդես գալ որպես արեւմտահայաստանի իրավատերեր,  թուրքերի հետ պատմական կամ քաղաքական խնդիրներ քննարկողներ  եւ այլն:  

 

Մանր  հավակնոտությունը (գուցե նաեւ ինչ-ինչ շահերը) այս մարդկանց այնպես են կուրացնում,  որ  վերջիններիս մտքով չի անցնում, թե  իրենք-իրենց այդպիսի իրավասություններ վերապահելու իրավունք ունե՞ն արդյոք,  ում անունից են հանդես գալիս ու վերջապես, այն թե իրենց արածը վնաս չի բերի արդյոք  երկրի  ու ժողովրդի  շահերին:

 

Թերեւս  կարելի էր եւ անտեսել նման անհեթեթ դրսեւորումները, մտահոգիչը սակայն այն է, որ  նման ձեռնարկումները  հավանաբար  բազմապատկվելու են  ցեղասպանության   100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ: Չծայրահեղացնելով խնդիրը նկատի ունենանք, որ ամենայն հավանականությամբ, հաճախ դրանց ետեւում  կանգնած կլինեն  հենց  թուրքական իշխանությունները: Եւ դա կարող է լինել   հայության բարձրացրած ալիքի դեմ  թուրքական պատասխաններից մեկը:

 

Այն է տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական մերձեցման գործընթացը շարունակվում է, երկու երկրների հասարակությունները տարբեր մակարդակներով եւ ձեւաչափերով արդեն իսկ գնում են  փոխշփման ու հաշտեցմանն: Այս  թատերական ներկայացման մեջ չի բացառվում, որ ներառվեն նաեւ քաղաքական գործիչներ, որոնք կստեղծեն բանակցությունների իմիտացիա,  հող կնախապատրաստեն,  որպեսզի  միջազգային ասպարեզում  պատճառաբանություն  շրջանառվի, թե ինչու  ճանաչումներով  ու դատապարտումներով  չի կարելի  խոչընդոտել   երկու ժողովուրդների մերձեցման գործընթացը:

 

Ըստ էության  ներկայացման նոր արարը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ դրսեւորվում է ոչ միայն պաշտոնական դերասանների խաղով:

 

Հիշենք ինչպես  օրեր առաջ,  Հայաստան  առաջիկա այցելության առիթն օգտագործելով,  Թուրքիայի արտգործնախարարը կրկին փորձել էր ներկայացնել, թե Հայաստանի հետ բանակցությունների մի ինչ-որ գործընթաց  շարունակվում է եւ խոսքի հետ կրկին անցել էր նախապայմաններին ինչպես եւ ի ցույց դրել  Ղարաբաղի խնդրին   միջամուխ լինելու,  իր կառավարության, անհագուրդ ձգտումը:

 

Ակնհայտ է նաեւ,  որ  Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու  նպատակով  Հայաստան այցելությունը, ինչը  նրա ու նրա ներկայացրած կառավարության համար կլինի բոլոր կողմերից  պատճառաբանված եւ անխոցելի,  լավ առիթ կծառայի  կրկին անդրադառնալու  բանակցությունների ու  հայտնի արձանագրությունների թեմային: Եվ ավելին: Կհաջողվի՞ արդյոք  Դավութողլուին, ինչ-որ ձեւով,  խոսակցության  նյութ դարձնել  ղարաբաղի թեման թե՝ ոչ   նա այցից օրեր առաջ   խոսել է նաեւ այս մասին, ի սկզբանե  տպավորություն ստեղծելով, թե տվյալ  թեման  հաջողվել է օրակարգային նյութ դարձնել նաեւ Հայաստանի իշխանության հետ:  Միաժամանակ,  նույն օրերին, մեկ այլ առիթով,  թուրք արտգործնախարարն ասել է. <Երբ դուք հրաժարվեք հարևան երկրի տարածքների բռնազավթումիցայդ ժամանակ բարեկամներ դառնալու հեռանկար կլինի»։

 

 Դավութօղլուի  ձեռնարկած խաղի քարոզչական  կողմը զուգահեռաբար տանում են թուրքական լրատվամիջոցները:

 

Այս  ամենին ընդհանուր առմամբ ճիշտ արձագանքեց  ՀՀ  ԱԳ փոխարտգործնախարար  Շավարշ Քոչարյանը: Պարոն Քոչարյանը բավական հստակ ու կոշտ տոնով  ասաց հետեւյալը. «Ահմեդ Դավութողլուն սադրիչ հայտարարությունների  փոխարեն ճիշտ կանի Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»:«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի  Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը եւ բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»:

 

Ցավոք  Պարոն Քոչարյանը չի խուսափել իր միանգամայն ճիշտ եւ արժանապատիվ արտահայտության մեջ կրկնել  Հայաստանի  իշխանության չարդարացված, եւ թերեւս ավելորդ շրջահայացությամբ  թելադրված տեսակետն այն մասին, որ. «Թուրքիան կարող  է նպաստել  Հայասատանի  հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որեւէ նախապայմանի վավերացնելով եւ կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»:

 

Սա այն  դեպքում,  երբ Թուրքիան  բավական առիթ է տվել   չպարտվողի դիրքերից  հրաժարվելու հիշյալ հայավնաս փաստաթղթերից:

 

Հայաստան այցելության ու հանդիպումների  փաստը յուրովի մեկնաբանելով ու արժեւորելով,  Դավութողլին եւ նրա թիմը, փորձելու են  ստեղծել այն ցանկալի տպավորությունը,  ինչի մասին խոսվեց վերեւում: Եւ առհասարակ, այս  սցենարը  շարունակելու է խաղարկվել առնվազն   մինչեւ տասնհինգ թվականի ապրիլ:

 

 Հայկական կողմը եւ հայերն առհասարակ, այս ընթացքում պետք  ձգտեն դերակատար չդառնալ  այն   ներկայացումներում,  որոնց  ոչ  սցենարիստն են իրենք,  ոչ էլ բեմադրողը:

 

«Դրօշակ»

10.12.2013