կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 11:40
Հասարակություն

50:50 է` քաղաքացին ո՞ղջ կմնա, թե՞ ոչ. գծատերը սպառնում է

50:50 է` քաղաքացին ո՞ղջ կմնա, թե՞ ոչ. գծատերը սպառնում է

Արդեն տեւական ժամանակ է` մի շարք գծատերեր, իհարկե` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, քաղաքացիներին սպառնում են, որ եթե ուղեվարձը մնաց 100 դրամ, եւ եթե տրանսպորտի բարելավման շուտափույթ գործողություններ չձեռնարկվեն, հետեւանքները շատ ծանր կլինեն, մանավանդ` ձմռանը: «100 դրամով աշխատելը մահ է»,- օրեր առաջ հայտարարել էին գծատերերը եւ սպառնացել, որ հենց ձյուն գա, քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան այդ ամենը:

 

Երեկ, հուրախություն գծատերերի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի (արդեն հեշտությամբ կարելի է իրականացնել երկար սպասված «մարդասպանության ծրագիրը»), ձյուն տեղաց, եւ արդեն այսօր շոշափելի են գծատերերի խոստումները: Առավոտյան մի շարք երթուղայիններ արդեն իսկ գիծ դուրս չեն եկել, որոշներն էլ շատ ուշ-ուշ են աշխատել` սառնամանիքին սպասեցնելով հարյուրավոր քաղաքացիների:

 

Yerkir.am-ի հետ զրույցում մի շարք երթուղայինների գիծ դուրս չգալը` «քաչալ» անվադողերի պատճառով, հաստատեց նաեւ Փոխադրող ընկերությունների միության նախագահ, գծատեր Հրանտ Եղիազարյանը: Թվեր ներկայացնել չցանկացավ, դեռ պատրաստ չէին:

 

«Քաղաքացիներին լավ բան չի սպասվում, դեռ ասֆալտը սեւ է, բայց որ ձյուն նստեց, չենք աշխատելու»,- զգուշացրեց Եղիազարյանը: Հիմնական խնդիրը, ըստ նրա, ձմեռային անվադողեր չունենալն է: Պարզվում է` գծատերերը դրանք փոխել ցանկանում են, բայց «փող չունեն»:

 

Ըստ Եղիազարյանի` մեկ երթուղին 15-20 հազար դոլարի ծախս է: «Էս ժողովուրդը մեղք ա, բայց ես էլ եմ էս ժողովրդի մի մասնիկը, ես մի բան գիտեմ, եթե ուղեվարձը չբարձրանա, վաղը շատ վատ կարող է լինել»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` ստացվում է` սպառնում եք քաղաքացիներին, Եղիազարյանը պատասխանեց. «Նախազգուշացնում ենք քաղաքացիներին, թե ինչ երբ կլինի»: Նաեւ հավելեց. «Իսկ քաղաքացին մատը կմտցնի հոսանքի մեջ, թե` ոչ, իր իրավունքն է»:

 

«Այսինքն` այսուհետ, եթե քաղաքացին նստի երթուղային, 50-50 է` ո՞ղջ կմնա, թե՞ ոչ» դիտարկմանը Եղիազարյանը պատասխանեց. «Այո, վտանգը դարձել է օրհասական, դա փաստ է»: