կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 14:06
Քաղաքական

ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՄՄ-ին անդամակցելուն, քանի որ հստակ ոչինչ պարզ չէ

ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՄՄ-ին անդամակցելուն, քանի որ հստակ ոչինչ պարզ չէ

Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ցանկության կապակցությամբ կան հարցեր`  դեռ հստակ չէ, թե Հայաստանը Մաքսային միությանն ինչ պայմաններով է միանալու. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: 

 

Նա նշեց, թե ՀՅԴ-ի համար տակավին պարզ չէ, թե այդ անդամակցության գործընթացներում Արցախի կարգավիճակի հարցն ինչպես պետք է կարգավորվի` ոչ թե անպայման «ԼՂ հարցը կկարգավորվի» իմաստով, այլ այն հարաբերությունները, որ այսօր Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ կան, չպետք է որեւէ ձեւով փոփոխվեն Մաքսային միության հետ կամ այլ տնտեսական համագործակցության պայմանավորվածությունների պատճառով:

 

Այդ իմաստով էլ, ինչպես նշեց Կիրո Մանոյանը, դեռեւս հստակ չէ ՄՄ-ին անդամակցության խնդիրը, որովհետեւ ոչ միայն Ղարաբաղի հարցով հստակություն չկա, այլեւ ընդհանրապես հստակություն չկա:

 

«Շատ է խոսվում, թե` շտապում ենք, այսքան պայմանագրերը պետք է մշակվեն, ստորագրվեն եւ այլն, սակայն դրանցից որեւէ մեկը հայտնի չէ, եւ Հայաստանի մասով պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի պարտավորություններ է ստանձնում»,- ասաց Կիրո Մանոյանը:

 

Այդ առումով, ըստ նրա, հիմք չկա որեւէ լավատեսության, թե ՄՄ անդամակցությունը Ղարաբաղի հարց կլուծի: Անորոշությունը նաեւ դժգոհության առիթ է, որովհետեւ այս պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, ու այդ մասին ՀՅԴ-ն ասել էր սեպտեմբերի 3-ից հետո` անկախ համաձայնել-չհամաձայնելու հարցից: Բանախոսն ասաց, թե ՀՅԴ-ն սկզբունքային հակառակություն չուներ ՄՄ-ին անդամակցել-չանդամակցելու հարցում, բայց պետք է պայմանները հստակ լինեն: Որպեսզի կուսակցության կեցվածքը հստակ լինի, այն պետք է հիմնված լինի հստակ տեղեկությունների վրա, թե իրականում ինչ է կատարվում: Քանի որ անորոշություններ կան, կուսակցության կեցվածքն էլ վերջնականապես հստակ չի լինի:

 

«Հակառակություն չունենք, որովհետեւ ծանոթ չենք պայմաններին. Այսինքն` հայտնի չէ, թե ինչ պիտի վճարենք: Նույնքան անորոշ են մեզ համար Եվրամիությւան հետ գործակցության այդ պայմանագրի պայմանները, սկզբունքորեն դրան էլ դեմ չենք: Դրա համար անհրաժեշտ է, որ հստակ լինի, թե ինչ պայմանների մասին է խոսքը»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը` հորդորելով չշահարկել ինքնիշխանության մի մասը զիջելու խնդիրը, քանի որ իրականում որեւէ միության կամավոր մաս կազմելիս ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է: Բայց այդպիսի զիջումներ բոլորը պետք է անեն, այդ միության անդամ բոլոր պետությունները պետք է նույնքան հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից: Իսկ եթե այդպես չի լինելու, ուրեմն արդեն խնդիր կա: Դրա համար էլ պետք է ամեն ինչ պարզ ու հստակ լինի, քանի որ անորոշությունը լավ բանի նշան չէ: