կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 11:56
Քաղաքական

ՀՀԿ-ն` բացահայտումների մեկենաս. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ն` բացահայտումների մեկենաս. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համարում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը լավ է աշխատել, որ նրա թեկնածությունը կրկին առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում եւ հավելեց. «Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրումը կախված էր նաև մեզանից»:

 

Գալուստ Սահակյանի համոզմամբ` Վերահսկիչ պալատը նոր մշակույթ ունեցող կառույց էր, որը շատ կարճ ժամանակահատվածում` առաջին և երկրորդ տարում,  վերածվել էր բավական լուրջ կառույցի, ինչն էլ գնահատվել է երկրի նախագահի կողմից, առավել ևս, որ Վերահսկիչ պալատը կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ ու վերլուծություններ: Ըստ պատգամավորի` վերահսկողական դաշտը որոշակիորեն առաջընթաց է ապրել հենց Իշխան Զաքարյանի նախագահության օրոք:

 

Մեր հարցին` ինչո՞ւ ՀՀ նախագահն առաջադրեց նրա թեկնածությունը, եթե որոշ ժամանակ առաջ նույն Իշխան Զաքարյանին դիտողություն էր արել`  բացահայտումների հետ կապված, որ նա ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում, քան հաշվետվություն հրապարակելով, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Որտեղ աշխատանք, այնտեղ էլ` թերություններ, դա շարունակական աշխատանքային պրոցես է: Աշխատանքի ընթացքում լինում են բացթողումներ, թերություններ, կարևորը հետո դրանք շտկելն է»:

 

Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ բացահայտումներն ու հաշվետվությունները միշտ էլ հրապարակվել են, բայց տարբեր քաղաքական իրողություններում կարող են լինել տարբեր ընկալումներ ու մոտեցումներ, որոնք դրական կարելի է համարել: «Վերահսկիչ պալատը գնալու է բարեփոխումների ճանապարհով, ավելի խոր ուսումնասիրություններ կանի, ավելի համատեղելի աշխատանքներ կանի: Խոչընդոտող խնդիր չկա, որ հնարավորինս շատ բացահայտումներ լինեն, առավել ևս`  այդ բացահայտումների մեկենասներից մեկը հենց Հանրապետական կուսակցությունն է»,- հայտարարեց Սահակյանը: