կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-06 17:36
Առանց Կատեգորիա

Հիվանդանո՞ց է, թե՞ "քամբախ"

Հիվանդանո՞ց է, թե՞ "քամբախ"

Մշտապես անդրադարձ է կատարվում թեմային, որ շատ հիվանդանոցներում անմարդկային պայմաններ են, հիվանդների հետ վարվում են «բռիավարի», մանավանդ, երբ խոսքն անվճար օգնության մասին է: Տեղեկանում ենք, որ այսինչ բժշկի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում քաղաքացիների նյարդերը տեղի են տվել, ծեծել են բժշկին, հիվանդ է մահացել եւ այլն: Օրերս շտապօգնության աշխատողների հեռացրին աշխատանքից` «հանրաճանաչ հիվանդին» ոչ պատշաճ օգնություն ցուցաբերելու համար: Սակայն, ինչպես երեւում է, դա դաս չի լինում:

 

Հիվանդանոցի մասին իմ ունեցած տեղեկություններն ու վատ պատկերացումները հիմնավորվեցին` բարեկամներիս հետ Մեծամորի ծննդատուն այցելելով: Ամենաառաջինը, որ զարմացրեց, հերթապահ բժիշկ չկար, այսինքն` կար, սակայն տեղում չէր: Աշխատողներից մեկն ասաց, թե` տանն է, հեսա կզանգեն, կգա: Երբ հիվանդի ամուսինը ձայնը գլուխը գցեց, քանի որ տիկին բժիշկը ոչ թե տանը պետք է հերթապահություն աներ, այլ հիվանդանոցում, բուժքույրերը հավաքվեցին մեր շուրջբոլորը:

 

«Ի՞նչ եք շուխուռ անում, ձեզանից ավելի լուրջ հիվանդ էլ կար, օպերացիա է անում»,- իրար հերթ չտալով` բժշկին վարպետորեն «պահում» են աշխատողները: Նրանք մեզ առաջարկում են տեղափոխվել հիվանդասենյակ` մի քիչ ավելի տաք է:

 

Քիչ հետո բերեցին մեկ այլ հղիի` ծանր վիճակում: Բժշկի բացակայության նույն փաստարկները բերեցին բուժաշխատողները: Քիչ անց ժամանած բժշկի հագուկապից ու տեսքից ակնհայտ էր, որ նա պարզապես «սամավոլկա» էր դուրս եկել:

 

Ծննդկանին զննելուց հետո հարազատները սկսեցին հարցուփորձը` գոռգոռոցներով: Բժիշկն ասաց, որ կարող է կեսարյան անել, բայց վստահ չէ, որ երեխան կփրկվի: Հարազատները մտածում են տանել Երեւան, բժիշկը խորհուրդ չի տալիս, ասում է` արյունանահոսում է, չեք հասցնի: Հարազատները բժշկի վրա այն աստիճան սկսեցին գոռգոռալ, որ ես եւս, զայրացած լինելով բժշկի վրա, այնուամենայնիվ, վատ զգացի, ասում եմ` ինչո՞ւ եք սպառնում բժշկին, թողեք թող կողմնորոշվի: Նրանք էլ պատմեցին, որ սա առաջին դեպքը չէ, մեկ անգամ էլ են հիվանդի բերել եւ մեկ ժամ սպասելուց հետո տեղափոխել Երեւան: Բժիշկն էլ իր հերթին կատաղեց` ինչի՞ ես գոռում, որ տեսաք վատ է, ինչի՞ բերիք:

 

Այ սա, արդեն, «վերջն» է: Մարդը հասկացնում է, որ իրենք բուժում են միայն «թեթեւ» հիվանդներին, իսկ ծանր հիվանդներին պետք է թողնեն տանը կամ տանեն Երեւան:  

 

Հարազատներին մի բուժքույր, թե` իրեն ճանաչո՞ւմ են, ինքը նրանց այսինչի այնինչն է, եւ թող դա հաշվի առնելով` լռեն ու սպասեն, ինքը սրտացավորեն ամեն ինչ կանի: «Այսինչի այնինչը» արյունաքամ եղող կնոջը տարավ վիրահատարան...

 

Հետո արդեն մոտեցան մեզ  ու խորհուրդ տվեցին մեր հիվանդին սոնոգրաֆիա անել, սակայն հիվանդանոցին այլեւս վստահել չէր լինում: Գնացինք Արմավիրի հիվանդանոց: Այստեղ բուժքույրերը խոսում էին, որ մի հիվանդի շատ ծանր վիճակում հասցրել են Երեւան, ու որ հերթապահ բժիշկը անընդհատ կապի մեջ է հիվանդի հարազատների հետ, որովհետեւ հերթապահ է, չի կարողացել գնալ: «Բա հերթապահը ո՞նց կարա հիվանդանոցից դուրս գա»: Լավ էլ կարող է, գնացեք Մեծամոր:

 

Թե' Արմավիրի, թե' Մեծամորի հիվանդանոցներում ջեռուցում չկար: Հիմնավորումը, թե ջեռուցման սեզոնը դեռ չի սկսել, անմտություն է, քանի որ գործ ունենք հիվանդների հետ, որոնց, ամեն ինչից զատ, ջերմություն է հարկավոր:

 

Մեծամորի հիվանդանոցի հերթապահ բժշկի անունը չենք նշում, երկարամյա վաստակ ունի, բուժաշխատողների անունները եւս չենք նշում` բացի նույն հիմնավորումից, նաեւ հացի խնդիր են լուծում: Մեր նպատակը նրանց աշխատանքից ազատելը չէ: Բնավ: Այլ, ի վերջո, ազատվել փտած համակարգից, հասկացնել, որ երբ պետությունն ունի զանազան խնդիրներ ու ծերացող-հիվանդացող հասարակություն, գոնե առողջապահական համակարգը պետք է առողջ լինի:

 

Ի դեպ, Հայաստանի անկախացումից ի վեր, ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել։ Այս տարվա առաջին կեսին մեր երկրում գրանցվել է 18 802 ծնունդ, նախորդ տարի` 19 330: Սա նշանակում է, որ պետք է բժիշկները դողան ամեն հիվանդի վրա, ամեն մոր ու երեխայի վրա:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հ.Գ. Լուսանկարում պատկերվածը Մեծամորի հիվանդանոցը չէ: Փառք Աստծո: