կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 13:00
Քաղաքական

Սփյուռքի նախարարության տարօրինակ հաստիքները

Սփյուռքի նախարարության տարօրինակ հաստիքները

Եթե այսպես արտագաղթի տեմպերն ու ՀՀ դեսպանատներում Սփյուռքի նախարարության հաստիքներն աճեն, Սփյուռքի նախարարությունը դառնալու է համայն հայության նախարարությունԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հարց ուղղելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այդ հաստիքների վերաբերյալ եւ ոչ նորմալ համարելով այդ հաստիքների գոյությունը:

 

«Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանի բալանսից անցնում է ձեր՝ Սփյուռքի բալանս: Միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160 000 հայաստանցի է անցել։ Սա ողբերգություն է, և այն, որ Սփյուռքի կառույցները մեծանում են, ձեր ոլորտը մեծանում է, ոլորտի ֆինանսավորումը շատանում է,  չգիտեմ... Հիմա հարցը ես նորմալ չեմ համարում, որ դեսպանատներում, որոնք ներկայացնում են ՀՀ-ն, Սփյուռքի նախարարությունը պետք է ունենա հաստիք, դա ի՞նչ է նշանակում։ Դուք էս պետության մեջ չե՞ք, կամ այդ հաստիքներն ի՞նչ պետք է անեն առանձին, որ չի անում այս դեսպանատությունը։ Թե՞ կամաց Շարմազանովի ասածն եք հաստատում, որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանի հաշվին»,- հարցրեց պատգամավորը:

 

Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ Սփյուռքի նախարարությունը դեսպանություններում իր ներկայացուցիչները չունի։ Այնտեղ ընդամենը ավելացել են դիվանագետների հաստիքները, որոնք կաշխատեն Սփյուռքի հետ։ «Օրինակ` ՌԴ դեսպանատան դիվանագիտական աշխատողների թիվը բավարար չէ, որ ամեն ինչով զբաղվեն, ուղղակի մեկ հաստիք ավելացվեց, որ առավել ուշադրություն դարձնեն Սփյուռքին։ Ընդամենը ուժեղացրեցինք մեր դիվանագիական ներկայացուցչությունը»,- նշեց նա։

 

Այդ հարցի հետ կապված` պարզաբանմամբ հանդես եկավ նաև ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը, ով կարծիք հայտնեց, որ տպավորություն է, որ Սփյուռքի նախարարությունը դեսպանատներ է բացում: «Դա նորմալ պրակտիկա է արտգործնախարարության համար, քանի որ դեսպանատան աշխատանքը բազմաբնույթ է ու այն պետք է ներառի նաև Սփյուռքի հետ աշխատանք: Այնպես որ` Սփյուռքի նախարարությունը պարզապես պետք է համագործակցի դեսպանատների հետ»,- ասաց նա: