կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-27 15:19
Մշակույթ

Սա համագումա՞ր է, թե՞ դիտավորությունների կույտ

Սա համագումա՞ր է, թե՞ դիտավորությունների կույտ

Կոմպոզիտոների միության համագումարը շարունակում է իր ընթացքը, եւ օրակարգում այժմ հարց ու պատասխանի հերթն է:

 

Երիտասարդ կոմպոզիտոր Գեւորգ Բադալյանը հարցրեց Ամիրխանյանին, թե ինչո՞ւ ներկա չի լինում իրենց քննություններին, որտեղ հնչում են իրենց ստեղծագործությունները:

 

«Ինչո՞ւ Դուք դուրս եկաք դահլիճից, երբ երիտասարդները կարդում էին իրենց հորդորը: Ինչո՞ւ պետք է կայացած երիտասարդը ընդունվի միություն, ի՞նչ շահ ունի նա միության անդամ դառնալուց»,- հարցրեց Բադալյանը:

 

Իսկ Հովհաննես Սարդարյանը նշեց. «Ինչո՞ւ չփորձեցիք մի փոքր ինձ օգնել` ելույթ ունենալ եւ ներկայացնել 29 երիտասարդների կարծիքը, այն դեպքում, երբ խոսում էիք բարոյականությունից: Ինչո՞ւ չասացիք` այո, թող երիտասարդը ելույթ ունենա, եւ ոչ թե իմ ելույթը հնչեցնել ուրիշի բերանով»:

 

Ռոբերտ Ամիրխանյանը պատասխանեց հարցերին` նշելով, թե իրեն մեղադրել ինչ-որ բանում, մոլորություն է:

 

«Ես կհանձնեմ մանդատս, բայց նրան, ով արժանի է: Ճիշտն ասած` ինձ մոտ տպավորություն չկա, թե մենք գիտենք` ինչ է նշանակում միություն պահել»,- ասաց նա: Նաեւ նշեց, որ ինքը ներկա կլիներ քննություններին, բայց իր իրավասության մեջ չի մտնում դա:

 

«Պետք չէ շահ փնտրել միության անդամ դառնալիս: Միություն մտնում են, որպեսզի պաշտպանված լինեն, եւ հիմա ես պատրաստվում եմ հեղինակային իրավունքի գրասենյակ բացել մեզ մոտ»,- ասաց Ամիրխանյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ամիրխանյանը չօգնեց, որ երիտասարդները ելույթ ունենան, նա պատասխանեց, որ իր համար շատ դժվար է միանյակ պայքարել այսքան վիրավորանքների դեմ:

 

«Կներեք, որ դուրս եկա, բայց ես դուրս էի եկել մինչեւ ձեր ելույթ ունենալը եւ բոլորովին ուրիշ պատճառներով»,- ասաց Ամիրխանյանը` հավելելով, որ այս ամենը տանում է նրան, որ համագումարը չկայանա. «Սա համագումա՞ր է, թե՞ դիտավորությունների կույտ»: