կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 17:56
Մշակույթ

Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ընդունել Նիկոլայ Ծատուրյանին

Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ընդունել Նիկոլայ Ծատուրյանին

Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չի պատրաստվում ինքնակամ ազատվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Այդ մասին մշակույթի նախարարության շենքից դուրս գալուց հետո iLur.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  արտիստը:

 

Ծատուրյանին այսօր հրավիրել էին մշակույթի նախարարի մոտ` առանց պաշտոնապես հրավերի նպատակի մասին տեղեկացնելու: Սակայն նախարարի ընդունարանում ժողովրդական արտիստին հայտնել են, որ Հասմիկ Պողոսյանը հրաժարվում է նրան ընդունել:

 

«Ասացին` նախարարը տեղում է, բայց հրաժարվում է ձեզ ընդունել», - հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նիկոլայ Ծատուրյանը լսել է, որ իրեն առաջարկելու են ազատման դիմում գրել այն բանից հետո, երբ արտիստը մամուլում քննադատության է ենթարկել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններին:

 

«Չգիտեմ, ասում են` էդպես է: Ես մտածում էի` կանչել են Մոնթեի ներկայացման հետ կապված հարցեր քննարկելու», - նշեց Ծատուրյանը, ընդգծելով, որ անգամ եթե նման առաջարկ արվեր, ինքը հրաժարվելու էր:

 

«Իսկ ինչու՞ հրաժարվեմ: Կարծում եմ` թատրոնի համար շատ բաներ ենք արել եւ դեռ շատ ծրագրեր ունենք անելու», - ի պատասպան մեր հարցի՝ նշեց Նիկոլայ Ծատուրյանը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս հեռարձակված Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և մասնավորաբար` կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա: Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել. Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին`պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին՝ գրել հրաժարականի դիմում: