կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 16:57
Հասարակություն

Հերթը հասել է Նիկոլայ Ծատուրյանին

Հերթը հասել է Նիկոլայ Ծատուրյանին

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի թիրախում հիմա էլ հայտնվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, ով երեկ հրապարակավ դժգոհել էր, որ այսօր թատրոնի նկատմամբ պետական ուշադրություն չկա, որ «Սունդուկյան» թատրոնից միայն շենքն է մնացել եւ այլն:

Պարզվում է` տիկին նախարարին այնքան էլ դուր չեն եկել այդ քննադատական խոսքերը, քանի որ այսօր առավոտից Նիկոլայ Ծատուրյանը, մեղմ ասած, «հիստերիկ» վիճակում է, հրաժարվում է հարցազրույցներ տալուց ու լրագրողների հետ շփումներից: Ամենայն հավանականությամբ, արդեն գիտի, թե ինչերի է պատրաստ մեր մշակույթի նախարարը, երբ քարկոծվում է նրա վարած քաղաքականությունն ու այդ ոլորտում առկա իրավիճակը:

Նշենք, որ նույն համատեքստում մշակույթի նախարարի թիրախում ավելի վաղ հայտնվել էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին` երիտասարդ բեմադրիչ եւ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, երբ հեռուստաընկերություններից մեկի եթերում համարձակություն էր ունեցել քննադատելու թատրոններում տիրող իրավիճակն ու մշակույթի ոլորտում տարվող քաղաքականությունը: Այդ հարցազրույցից հետո Սուրեն Շահվերդյանի առջեւ բառացիորեն փակվել էին բոլոր դռներն ու հնարավորությունները:

Փաստորեն, իր ղեկավարած ոլորտում հիմնահատակ ավերածություններ անելուց բացի, Հասմիկ Պողոսյանը նաեւ հաշվեհարդար տեսնելու մեծ վարպետ է: