կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-05 13:39
Հասարակություն

Ութմիլիոնանոց "մեծարանք"

Ութմիլիոնանոց "մեծարանք"

Կառավարությունն, իհարկե, հիշում է Ուսուցչի տոնի մասին: Նույնիսկ տոնի կապակցությամբ ուսուցիչների «մեծարման ու արժեւորման» նպատակներ էլ է հետապնդում, բայց, միեւնույն է, բոլոր ուսուցիչներին միասին վերցրած ավելի շատ չի սիրում, քան Նունե Եսայանին:

 

Կառավարության վերջին նիստի ժամանակ Ուսուցչի օրվան անմիջականորեն առնչվող երկու որոշում ընդունվեց: Մեկը կառավարության աշխատակազմի ներկայացրած որոշման նախագիծն էր, որով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ»  մրցույթների հաղթողներին մեկական «Շեւրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացվեց 12 միլիոն 600 հազար դրամ` 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մյուսն էլ ՀՀ կրթության ու գիտության նախարարի ներկայացրած որոշման նախագիծն էր, որով «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ «ուսուցիչների մեծարման եւ արժեւորման երեկո կազմակերպելու նպատակով» Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացվել է 8 միլիոն 80 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Ստացվում է, որ երկու հոգու ավտոմեքենայով պարգեւատրվելու եւ բազմաթիվ ուսուցիչների համար երեկույթ կազմակերպելու համար պահանջվող բոլոր ծախսերը պետության վրա կնստեն ընդամենը 20 միլիոն 680 հազար դրամ... Հետաքրքիր համեմատություն է ստացվում` ուսուցիչներին «մեծարելու եւ արժեւորելու» համար մեր հայրենի կառավարությունն իրեն զսպում է` 20 միլիոն 680 հազար դրամից ավելի ծախս չկատարելուհամար, իսկ ահա ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ չի զլանում Հանրապետության հրապարակում կազմակերպված` Նունե Եսայանի տոնական համերգի համար 54 միլիոն 691 հազար 400 դրամ ծախսել:

 

Հիմա` նեղանա Նունե Եսայանը, թե` ոչ, նեղանա ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, թե` ոչ, ում համար Նունե Եսայանը արժեք էլ չէ` արժեքային համակարգ է, նեղանան Արմեն Աշոտյանը, Հասմիկ Պողոսյանը, Տիգրան Սարգսյանն ու ամբողջ կառավարությունը` միասին վերցրած, թե` ոչ, միեւնույն է, վերաբերմունք է արձանագրվում: Այս երկու քայլով փաստվում է, թե ինչպես է հայրենի կառավարությունը վերաբերվում ուսուցիչներին, ովքեր իրենց նյարդերի, առողջության հաշվին` չնչին վարձատրությամբ, սերունդ են կրթում, ու կառավարության անդամներն էլ այս կամ այն ամբիոնից պարծենում են, թե Հայաստանի ամենամեծ կապիտալը կրթական բարձր ցենզ ունեցող մարդկային ռեսուրսն է: Իսկ ինչպիսի՜ն է վերաբերմունքը մեկ երգչուհու հանդեպ...

 

Ինչեւիցե: Բոլորիդ տոնը շնորհավոր, սիրելի' ուսոցիչներ, մաղթում ենք ձեզ երկար ու բեղմնավոր աշխատանք, քաջառողջություն, նաեւ որ երբեք չմնաք կառավարության  ութմիլիոնանոց մեծարման երեկոյի հույսին եւ ապագա կառավարության ավելի լավ անդամներ կրթեք:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ