կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 18:48
Հասարակություն

«Երբ լսում ես որոշ նախարարների, տեսնում ես, որ պարգևատրման արժանի չեն, նույնիսկ հարց պետք է դրվի՝ իրենց աշխատավարձ հասնո՞ւմ է, թե՞ ոչ». Արծրուն Պեպանյան

«Երբ լսում ես որոշ նախարարների, տեսնում ես, որ պարգևատրման արժանի չեն, նույնիսկ հարց պետք է դրվի՝ իրենց աշխատավարձ հասնո՞ւմ է, թե՞ ոչ». Արծրուն Պեպանյան

«Երբ մարդիկ հեղափոխություն են անում, իրենք պետք է իմանան, թե ուր են գնում, ժողովրդի վիճակն ինչպիսին է, և, եթե իրենք էլ մտադիր են արմատապես փոխել երկրի վիճակը, պետք է պատրաստ լինեն որոշակի զրկանքների, անգամ՝ որոշ ժամանակ քիչ վարձատրվելով կամ չվարձատրվելով աշխատելուն, մինչև կարողանան երկրում նկատելի փոփոխություններ անել։ Փոփոխություններից հետո նոր բարոյական իրավունք կունենան պարգևավճարներ ստանալ կամ իրենք իրենց աշխատավարձերը բարձրացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Նրա խոսքով՝ եթե մարդիկ ասում են՝ հեղափոխական են, իրենց գլխավոր նպատակը պետք է լինի ժողովրդի կարիքավոր շերտերի վիճակը լավացնելը․ «Ես դա չեմ տեսնում։ Տեսնում եմ հակառակը։ Այդքան էլ սխալ չէ մոտեցումը․ ես նախարարների հետ աշխատել եմ, տեսել եմ՝ լավ նախարարն ինչքան է չարչարվում, ու իր ստացած աշխատավարձը բավարար չէ, որ նա նորմալ հագնվի ու ընտանիքը պահի, այդ խնդիրը կա։ Բայց եթե դու ապրում ես սոցիալական դժվարին վիճակում գտնվող պետության մեջ, ապա հեղափոխականները պետք է զուսպ լինեին։ Ես իրենց փոխարեն՝ այդ պարգևատրումների համար առանձնացված գումարների համար ֆոնդեր կստեղծեի, կմտածեի երկրի մեջ կոնկրետ դրական փոփոխություններ անելու մասին, որ մարդիկ սկսեն եկամուտներ ստանալ։ Որ շատ եկամուտ ստացվեր՝ հարկեր կգային, և ես այդ ժամանակ կփորձեի լավացնել ժողովրդի վիճակը։ Այդ գումարները որտեղի՞ց․ ենթադրենք, հարկային քաղաքականության խստացման հետևանքով մի քիչ շատ փող է գնացել բյուջե, այդ փողը վերցրել, իրար մեջ բաժանում են։ Բայց ճիշտ կլիներ, օրինակ՝ մի գյուղ վերցնեին և փորձեին այդ գյուղը ոտքից գլուխ վերափոխել, դարձնել արդյունավետ գործող համակարգ»։

Դիտարկմանը՝ իշխանության ներկայացուցիչներն իրենք իրենց աշխատանքից գոհ են և ասում են, որ լավ մասնագետները պետք է լավ վարձատրվեն, նա այսպես արձագանքեց․ «Այս կարգի՝ ինտելեկտուալ առումով պետական գործից, քաղաքականությունից հեռու ԱԺ մենք չենք ունեցել։ Կառավարությանը մի քիչ դժվար է գնահատել, այնտեղ նեղ մասնագիտական կրթությամբ են, բայց էլի, երբ լսում ես որոշ նախարարների, տեսնում ես, որ պարգևատրման արժանի չեն, նույնիսկ հարց պետք է դրվի՝ իրենց աշխատավարձ հասնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ամիսն անցավ, ի՞նչ եք արել, որ մի հատ էլ պարգևավճար ստանաք»։

Հիշեցնենք, որ օրերս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին, ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն՝ գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը: Գրառման տակ քննարկում էր ծավալվել, որին միացել էին նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը:

«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում՝ հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»,- գրել է Լենա Նազարյանը։

Պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանի մեկնաբանությանը՝ Լենա Նազարյանը գրել է. «Դե բնականաբար հո իրենց չի՞ անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկը չի անի դա ու չպիտի անի»։