կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 18:40
Հասարակություն

Մտե՜ք, մտե՜ք...

Մտե՜ք, մտե՜ք...

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ուսումնասիրության արդյունք է հրապարակել, ըստ որի` Հայաստանը կցանկանար սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ: Տարիներ ի վեր այսպես է` 40-55 տոկոս: «Երկրորդ տեղում միշտ եղել է Եվրամիությունը, իսկ երրորդ տեղում՝ Պարսկաստանը, որին հաջորդում է ԱՄՆ-ը: Մյուս երկրների դերակատարությունը 1-3 տոկոսի սահմաններում է: Դա Ուկրաինան է, Վրաստանը, Ղազախստանը»,- ասել է Ադիբեկյանը:

 

«Գելափ»-ի հայաստանյան ներկայացուցչությունն էլ էր վերջերս հարցման արդյունքներ հրապարակել, ըստ որոնց` Հայաստանի բնակչության 61 տոկոսը ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միավորմանը:

 

Ներկայացնեմ իմ տեսածը:

 

Երեկ երեկոյան տուն գնալիս երթուղայինում ասեղ գցելու տեղ չկար: Ծանոթ լրագրողի հանդիպեցի ու միասին սկսեցինք բարձրաձայն քննարկել Մաքսային միության ու եվրաինտեգրման հարցերը` տեսնելու` քաղաքացիները ինչպե՞ս կարձագանքեն: Ներկայացնում եմ երթուղայինում տեղի ունեցած խոսակցությունը` ինչպես հիշում եմ:

 

-  Հայաստանը ոնց որ ծանր իրավիճակում է, գիտե՞ս, անսպասելի ու կտրուկ որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը,- ասում եմ ես:

 

-   Հա, պետք է նախօրոք ժողովրդին հարցներ` ո՞րն եք ուզում, նոր գնար նման քայլի,- պատասխանում է կոլեգաս` կրկին բարձր տոնով:

 

-  Դե հիմա, ժողովուրդը Սերժ Սարգսյանին ա ընտրել ու իրա քայլերին կողմ կլինի,- վրա եմ բերում:

 

-  Ո՞վ ա ընտրել, տո էդ ընտրողին գտեք, բերեք դեմս, էս ինչ ք...ի մեջ մեզ գցեց,- բորբոքվում է մի տարեց տղամարդ ու շարունակում,- Սերժին սկի իր տան անդամները ընտրած չեն լինի: Էն խեղճ հարիֆը վստահված մարդ չուներ, ձեները տարան դրին Սերժի տակը:

 

-  Դե, ամեն դեպքում, հիմա էլ նա նախագահ է ու Հայաստանը տանում է Մաքսային միություն:

 

-  Յա, բալա', Հայաստանից չե՞ս, մեզ ե՞րբ են շան տեղ դրել, որ հիմա դնեն: Սերժն էլ, քո խելքով, պիտի գա` ասի, հեյ, ջահել, ահել, ասեք, տենամ իմ մասին ի՞նչ եք ասում, որ ջհանդամը գնամ, Պուտինի մոտ, թե՞ Օբամի,- ասաց մի տարեց կին:

 

-  Լսի, էդի հիմա՞ ինչ ա արել,- հարցնում է մի երիտասարդ աղջիկ:

 

-   Մաքսային միություն ա մտնում,- ասում եմ ես:

 

-  Տամոժնի՞,- հարցնում է վերը հիշատակված տարեց տղամարդը,- էս երկրում սաղ իրանցն են, երբ կուզի` կմտնի տամոժնի, ինչքան բաժին ունի` կստանա, դուրս կգա:

 

-   Չէ, էդ Ձեր ասած տամոժնին չէ, գնում ենք Եվրասիական միություն,- բացատրում է կոլեգաս:

 

-  Է, դը տենց ասա, Ամերիկա ենք գնում, էլի,- ասում է մեկ ուրիշը:

 

-  Գնում ենք նախկին Սովետական միության երկրների մի մասի հետ համագործակցության,- բացատրում է կոլեգաս:

 

-   Սովետն ա գալի՞ս:

 

-  Լսի, տատի', թող մի հատ տենանք` ինչ ենք անում, ինչ ա կատարվում,- միջամտում է մեկ ուրիշը:

 

-   Հլը ձենդ կտրի, չես տենո՞ւմ` խոսում ենք: Ես քեզնից շատ եմ շոր մաշել, գիտեմ ռուսը ով ա, էն Անժո-մանժոն ով են:

 

-  Անժո՞ն ով ա,- հարցնում է երիտասարդը:

 

-  Գերմանի նախագեն: Հմի էն ասա` Սովետն ա գալի՞ս:

 

-  Դե' համարյա:

 

-  Հա, բալա' ջան, թող գա, կոմունիստների թվի շորերս եմ հագնում, էս էլ մաշի, կմնամ տկլոր:

 

-  Էն Պուտինը, որ գնաց Ադրբեջան ու իրանց միլիարդների զենք տվեց, էդ ինչի՞ համար էր` որ մեզ վախեցնեն: Վախեցանք ու մտանք ... Ռուսից կռիսը չկա,- ասում է երթուղայինի վարորդը:

 

-   Բա ումի՞ց խեր կա,- հարցնում է ուրիշը,- որ ռուսը չլինի, մեզ գիտե՞ս ինչ կանեն թուրքերը:

 

- Ք... կուտեն, ի՞նչ պիտի անեն, աստված եք սարքել: Մենք իրանց ստրուկն ենք դարձել,- ասում է մի կին:

 

-  Ռուսն ի՞նչ անի, ռուսի պատճառո՞վ են իմ մարդն ու տղեն Ռուսաստան խոպան գնացել: Գիտեք` ուզենալո՞վ են գնացել,- զրույցին է խառնվում մի կին, որ կանգառում կանգնեցրել էր երթուղայինը` մինչեւ իր խոսքն ասի ու իջնի:

 

-  Իմ հարեւանի տղան ու հարսը Գերմանիայում են ապրում, լավ էլ երկիր ա, հենց իրա միության մեջ պիտի մտնենք,- ասում է ուղեւորներից մեկը:

 

-  Դուք ո՞ր միության մեջ կուզենաք մտնել,- հարցնում եմ:

 

- Որով որ շուտ կարանք փախնենք էս երկրից,- ասում է մի երիտասարդ:

 

-  Բայց ո՞ւր փախնեք,- հարցնում եմ:

 

-  Ուր ուզում ա լինի. կա'մ մենք պիտի փախնենք, կա'մ էս ղեկավարները: Բայց իրանք փախնողը չե~ն:

 

Երթուղայինի վարորդը կրկին միջամտում է խոսակցությանը.

 

- Հենա' էս վերջին շաբաթն ա, որ աշխատում եմ, ես էլ եմ գնալու, էս երկիր չէ: Գնամ Ռուսաստան, առանց էն էլ ռուսի գերին ենք, էլ որ մի հատ էլ միության մեջ չմտնենք չի՞ լինի:

 

- Բա դո՞ւ որն ես ուզում,- հարցնում են ինձ:

 

- Չգիտեմ:

 

- Բա որ դու չգիտես, ջահել տղա ես, կյանքը մեջդ, մենք ի՞նչ իմանանք, ապրում ենք էլի, ռսի տակ կլնենք, անգլու տակ կլնենք, մեզ ի՞նչ: Մերը ապրանք:

 

-  Ինչի մեջ էլ մտնենք, քանի Սերժն ա մեր ղեկավարը, մեր վերջը լավ չէ,- եզրակացնում է վարորդը:

 

Թեման շարունակվում է, ու համոզվում եմ, որ այս մարդկանց այնքան էլ չեն հետաքրքրում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները, նրանց պարզապես պետք է ապրել: Անկախ Ադիբեկյանի հարցումներից, ես տեսա, որ 20 հոգանոց երթուղայինում կեսից ավելին տեղյակ չէր` ինչ է Մաքսային միությունը կամ եվրոպական ինտեգրումը: Հասկացնելու համար պետք է հարցը տալ այսպես` Ռուսաստանի՞ն ես ուզում միանալ, թե՞ Եվրոպային:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ