կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 15:23
Քաղաքական

Հայերը չպետք է ունենան որեւէ բարդույթ` ռուսական կողմի առջեւ պահանջ դնելու

Հայերը չպետք է ունենան որեւէ բարդույթ` ռուսական կողմի առջեւ պահանջ դնելու

Հայ-ռուսական դաշինքը հավասար գործընկերների դաշինք է. լրագրողներին այսօր ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, թեեւ, քարտեզին նայելով, այդ տպավորությունը չես ստանում` ռեսուրսների առումով հավասարություն չկա, շահերի բովանդակությամբ ու հեռահարության հարցերում հավասարություն չկա, բայց մի շատ կարեւոր հարցում հավասարություն կա` նշանակությունը մեկը մյուսի համար:

 

«Այստեղ առավել քան համոզված եմ, որ կա հավասարություն. որքան Ռուսաստանն է մեզ պետք, այնքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին: Դա ընդամենը մի պարզ պատճառով եմ ասում` մենք` բոլորս, տարբեր մակարդակի գործիչներս, հասարակությունը եւ այլն, չպետք է ունենանք որեւէ բարդույթ` ռուսական կողմի առջեւ պահանջ դնելու առումով: Դա նկատի ունեմ, երբ ասում եմ հավասար ենք: Հետեւաբար` իսկապես տեղի է ունեցել շատ մտահոգիչ մի բան, ու հանրային ընդվզումը շատ օրինաչափ է: Որովհետեւ ռուսական կողմն ինքն է այդ առիթը տվել, որ այդ ընդվզման ալիքը բարձրանա»,- ասաց Դավիթ Ջամալյանը:

 

Նրա համոզմամբ` խնդիրը պետք է առավելագույնս հստակ ձեւակերպվի` ինչ պետք է մենք ձեռնարկենք համատեղ` հայ-ռուսական դաշինքի համատեքստում, որպեսզի լիարժեքորեն բացառենք սպառազինություններիր ձեռբքերումից բխող պոտենցիալ վտանգը եւ ապահովենք առաջանցիկ հնարավորություններ ուժերի հարաբերակցության մեջ: Իսկ վերջին շրջանի նորություններն այս առումով, ըստ ռազմական փորձագետի, հուսադրող են:

 

«Հիմնվելով որոշ ռուսական աղբյուրների վրա` կարելի է ասել, որ Հայաստան է ներմուծվել այնպիսի ռուսական ռազմական տեխնիկա, որը գերճշգրիտ է, ունի բավականին լուրջ հեռահարություն` ռուսական չափանիշներով համարվում է փոքր հեռահարության հրթիռ, բայց հայկական ու տարածաշրջանային չափումներով սա անգամ ռազմավարական զենք է: Խոսքը «Իսկանդեր-Մ» համակարգերի մասին է, որը թույլ է տալիս նշանառության տակ պահել Ադրբեջանի կարեւորագույն կառուցվածքային հանգույցները: Եթե բանը հասնի պատերազմին, ապա մենք հնարավորություն ունենք ապակազմակերպելու, կազմաքանդելու Ադրբեջանի ամբողջ հանրային կյանքը»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

 

Ըստ նրա` պետք չէ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ իդեալականացնել, քանի որ, առհասարակ, իդեալական դաշնակիցներ չեն լինում, եւ մենք ինքներս մեզ վրա պետք է հույս դնենք ու կոտրենք այն կարծրատիպը, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն պետք է պաշտպանի մեզ: Դավիթ Ջամալյանի խոսքերով` սպառազինությունների մրցավազքը մեր հեռանկարն է, մենք նաեւ սրան պետք է հոգեպես պատրաստ լինենք: «Սպառազինությունների մրցավազքի մեջ ենք լինելու տեսանելի հեռանկարում, ձեռք ենք բերելու այն, ինչ հարկ ենք համարելու եւ չենք գնալու Ադրբեջանին նմանակելու ճանապարհով»,- եզրափակեց փորձագետը: