կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 17:45
Հասարակություն

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Կարևորելով տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝  քաղաքապետը ողջունել է Երևանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումներին դեսպանության և անձամբ դեսպանի ակտիվ մասնակցությունը, նաև պատրաստակամություն հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցելու նախաձեռնություններին:


«Երևան քաղաքի, ինչպես նաև վարչական շրջանների և ԱՄՆ գործընկեր քաղաքների միջև առկա են ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ առաջիկայում դրանք էլ ավելի  կընդլայնվեն ու կամրապնդվեն, և կունենանք հաջողված համագործակցություն քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և  հույս հայտնել, որ դեսպանության և քաղաքապետարանի միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռվեն:


«ԱՄՆ կառավարության, դեսպանության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ և մաղթում նոր ձեռքբերումներ Ձեր աշխատանքում»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանի խնդրանքով անդրադարձել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, գործունեությանը, ինչպես նաև առաջիկա 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի զարգացման ծրագրերին և դրանց հեռանկարներին: Քաղաքապետը ներկայացրել է նաև մայրաքաղաքում ներդրումային միջավայրի համար առկա բարենպաստ պայմաններն ու ընդգծել, որ քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը:


Տարոն Մարգարյանը խոսել է նաև զբոսաշրջության զարգացման, մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերի, Կենդանաբանական այգու վերակառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ  հարցերի շուրջ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն