Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարցը կարող է քննարկվել միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ տրանսպորտի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից առաջ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասում էր, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել, և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում։
Մեջբերելով Տ. Մարգարյանի խոսքը՝ «մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց արդեն Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ ուղեվարձը պետք է փոխվի։ «Սա ուղղակի քաղաքական խայտառակություն է։ Այ էսպես են անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խաբեբա, շուլեր, մաշեննիկ։ Ո՞նց կարելի է մի բան հայտարարել, գնալ էդ հայտարարության հիման վրա ընտրություններ անցկացնել ու պաշտոնը պահպանել, հետո ասել՝ չէ, պետք է հակառակն անել։ Պրոբլե՞մ կա` Երևանի հասարակական տրանսպորտի հետ կապված, ուրեմն` Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ական մեծամասնությունը պետք է հրաժարական տան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պատճառաբանում են, թե երթուղիները խնդիրներ ունեն, որովհետև ուղևոր չկա, որպեսզի կազմակերպությունները շահույթով աշխատեն։ «Ո՞վ ա մեղավոր, որ ուղևոր չկա։ Ձեր կառավարությունն ա մեղավոր: Ձեր կառավարությունը չէ՞ր ասում՝ բա ինչ անենք, որ չթողնենք արտագաղթեն, մնան հեղափոխություն անե՞ն։ Չեն մնացել, հեղափոխություն չեն արել, ամեն ինչ արել եք, որ էդ մարդիկ գնան, հիմա ասում եք՝ ուղևոր չկա։ Ձեր գործունեության արդյունքն ա, որ չկա ուղևոր», – նշեց Փաշինյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե կառավարությունը ցանկություն ունի 50 տոկոսով տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել, ապա նախ 50 տոկոսով պետք է կրճատի աղքատությունը։ «Չեն կարողանում աղքատությունը վերացնել, թող ասեն՝ չենք կարողանում կրճատել, չենք կարողանում ղեկավարել։ Թող թողնեն գնան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։