կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 19:17
Քաղաքական

Ոստիկանապետի շնորհիվ էր, որ երեկ բախումներ չեղան. Հրայր Թովմասյան

Ոստիկանապետի շնորհիվ էր, որ երեկ բախումներ չեղան. Հրայր Թովմասյան

Ազատության հրապարակի երեկվա իրադարձությունները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում որակեց որպես մեր պետության կայացման հերթական փուլ:

 

«Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում շատ բան է փոխվել, փոխվել է նաեւ մեր ոստիկանությունը, որը գիտի, թե իրեն ինչպես պահի հավաքների ժամանակ, գիտի ինչ է խաղաղ հավաք, գիտի աջակցել եւ շատ հստակ գիտի, թե ինչ է նշանակում ձեռնարկված միջոցառումների համաչափություն: Ոստիկանապետը, գուցե մտքի խորքում ունենալով այն դառը իրադարձությունները, ոչ թե կաբինետում էր, ոչ թե տարբեր պաշտոնատար անձինք էին տեղում որոշում կայացնում, այլ ոստիկանապետը հենց այնտեղ էր, եւ ինքն էր որոշումներ կայացնում: Եվ այն, որ երեկ մենք չունեցանք այն, ինչ որոշ մարդիկ կա'մ սպասում էին, կա'մ ցանկանում, կա'մ հրահում: Դա դրա արդյունքն էր»,-նշեց Թովմասյանը:

 

Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածին` Թովմասյանը նախ ասաց, որ ցավում է, երբ քաղաքական գործչի հետ նման բան է լինում, բայց այն ինչ տեսել եւ ինչին հետեւել է Թովմասյանը, «քաղաքական գործչին վայել չէ»:

 

Արդարադատության նախարարը նշեց, որ երբ Արմեն Մարտիրոսյանը գտնվել է Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում, նրա պաշտպանը հայտարարություն է տվել հանցագործության մասին, ոստիկանության երկու աշխատակից եւս զեկուցագիր են գրել:

 

«Ես իրավաչափ եմ համարում ոստիկանության գործողությունները, ձեռնարկված բոլոր գործողությունները համաչափ էին այն վտանգներին, որոնք սպառնում էին: Եթե դուք աշխարհի որեւէ երկրում տեսնեք, թե ոստիկանի պահանջը չկատարվելու դեպքում ինչ է կատարվում այդ մարդու հետ, դուք նման հարցեր չէիք տա»,- նշեց նախարարը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ոստիկանապետի աղոթքը Ծիծեռնակաբերդում արդարադատության նախարարին չի՞ զարմացրել, Թովմասյանը վստահեցրեց` ոչ: Պարզվում է, Թովմասյանը գիտեր, որ Գասպարյանը հավատացյալ մարդ է:

 

Արդարադատության նախարարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ոստիկանապետի շնորհիվ էր, որ երեկ բախումներ չեղան, որովհետեւ, ի տարբերություն շատ երկրների ոստիկանապետերի, Գասպարյանն իր կաբինետում չէր, այլ այնտեղ, որտեղ բախման վտանգ կար: