կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 14:23
Քաղաքական

Ուզելը քաղաքական կատեգորիա չէ. Շարմազանով

Ուզելը քաղաքական կատեգորիա չէ. Շարմազանով

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այդպես էլ հստակ պատասխան չտվեց Yerkir.am-ի այն հարցին, թե` արդյո՞ք ՀՀԿ-ական պաշտոնյաների հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ վերջիններս չեն կարողացել ձայներ ապահովել Սերժ Սարգսյանի համար: Նա նաեւ չասաց, թե առաջիկայում ում պաշտոնանկություններին սպասենք:

 

«Կոռեկտ է՞, որ կուսակից գործընկերների քաղաքական ճակատագրի մասին առանց կուսակցությունում տեղի ունենալիք քննարկումների ձեզ հետ կիսվեմ»,- նշեց Շարմազանովը:

 

Մեր դիտարկմանը, թե` կոռե՞կտ էր, որ ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց Վանաձորի քաղաքապետի հրաժարականի մասին, Շարմազանովը պատասխանեց, որ Աշոտյանն ընդամենը ասել է, որ հարցն ընթացքի մեջ է, որ հնարավոր է` նման բան լինի:

 

«Հրաժարականներից մի զարմացեք: Քաղաքականություն է, կենդանի գործընթաց: Մի օր էլ կիմանանք ես եմ հեռացել: Բայց հրաժարականների մեծ շքերթ չկա»,- հայտարարեց նա:

 

Շարմազանովը նշեց նաեւ, որ փոփոխությունների պետք է սպասել, եւ չի բացառվում, որ այդ փոփոխությունների մեջ լինի նաեւ ինքը:

 

Հարցին էլ ի պատասխան, թե` հնարավո՞ր է, հրաժարական տան ոչ միայն նրանք, ովքեր վատ արդյունքներ են գրանցել, հիշեցրեց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել:  Իսկ թե ո՞ր մարզպետի կամ քաղաքապետի հրաժարականն է ուզում, պատասխանեց. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ»: