Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սերժ Սարգսյանի ձայները ապահովվել են ընտրակեղծիքների միջոցով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, քրեական տարրերի օգնությամբ, ընտրակաշառքով ու սպառնալիքով: Ցավոք, միջազգային հանրությունը օրհնել է Սերժին, նկատի չունեմ պաշտոնական շնորհավորանքները: Ես չեմ տեսնում արտաքին աշխարհից որևէ միջամտություն, որ Սերժին ստիպեն վերանայել այս ընտրությունները»,- ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների մասին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանից սպասելիքներ ինքը չունի, որովհետև նրանք երբեք չեն խոսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, իսկ Արևմուտքի դիրքորոշումները հստակ են, որովհետև նրանք միշտ խոսում են ժողովրդավարությունից, ազատությունից, մարդու իրավունքներից, ու ամեն անգամ Հայաստանում անցկացվող խայտառակ ընտրությունները օրհնում են ու գնում՝ դրանով պահպանելով ավազակապետական ռեժիմն ու կործանելով հայ ժողովրդին:
«Ինձ համար ակնհայտ է, որ նրանց համար նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Ես դա շատ սառը գիտակցել եմ դեռ 2007-ից: Մարտի 1-ից 3 ամիս հետո ԱՄՆ փոխարտգործնախարար Դենիել Ֆրիդը եկավ Հայաստան ու ասաց՝ Հայաստանին Սերժ Սարգսյանի պես նախագահ է պետք: Անցյալ տարի էլ տիկին Հիլարին եկավ ու ասաց. «Սերժ Սարգսյանը հրաշալի նախագահ է»: Ինչո՞վ է պայմանավորված այդ գուրգուրանքը»,- հարց հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանն ու պատասխանեց. «Ամեն ինչ շատ պարզ է, ԱՄՆ-ին ու Արևմուտքին Սերժը այնպիսի նվեր է արել՝ համաձայնելով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես ասում են՝ ցեղասպանության շառից պրծան, որ անգամ հայկական համայնքին բանի տեղ չեն դնում»:
Նրա խոսքով՝ Ամերիկայի վերջին նախագահական ընտրությունները Ամերիկայի պատմության մեջ առաջին ընտրություններն էին, երբ թեկնածուներից ոչ մեկը հայերին չխոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը փրկեց Օբամային: Եվ հիմա երբ Հայաստանը փորձում է այդ հարցը բարձրացնել, Արևմուտքը հիշեցնում է, որ դա հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի գործն է:
«Վերջացավ, մեռավ, սպանեց, ջարդեց, ոչնչացրեց, ցեղասպանեց Ցեղասպանության ճանաչման հարցը: Էլ ինչպե՞ս այդքանից հետո Արևմուտքը պետք է նախընտրեր ինձ կամ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես էլ միշտ ասել եմ, որ առաջնորդվում եմ մեր ազգային շահով և ոչ մի զիջում չի լինելու: Րաֆֆին էլ գիշեր-ցերեկ պահանջում է ճանաչել ԼՂ անկախությունը, Արևմտահայաստանի վերադարձը, էլ ո՞նց պիտի նրան պաշտպանեն: Իսկ Սերժը նաղդը կա ու դա անում է՝ Ղարաբաղյան հարցում ընդունում է Մադրիդյան սկզբունքները»,- ասաց նա:
Մելանյա Մելքումյան
աղբյուրը` «ԳԱԼԱ TV»