կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 13:28
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը գործընկերներին խորհուրդ է տալիս չհարվածել շարժմանը

Ռուբեն Հակոբյանը գործընկերներին խորհուրդ է տալիս չհարվածել շարժմանը

Շարժման հիմնական նվաճումներից մեկն էլ այն էր, որ հարթակը չմենաշնորհվեց, այն զբաղեցրեցին ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերի ներկայացուցիչներ, գործիչներ, թեեւ շատ դեպքերում նրանց արտահայտած ծրագրերն ու տեսակետները չեն համապատասխանում «Ժառանգության» մոտեցումներին. Ազատության հրապարակում այսօր լրագրողներին ասաց Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ հենց այդպես քաղաքական սպեկտրը հնարավորություն ստացավ խոսելու իր ընկալած քաղաքական արժեքների ու քաղաքական ծրագրերի մասին:

 

Այնուհետեւ Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ հարցին, որ տարբեր ուժերի ներկայացուցիչներ, թեեւ շատ են ասում, որ շարժման հետ են, ժողովրդի կողքին, բայց, օրինակ, ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց բառապաշարով ու գնահատականներով ընդհանրապես չեն տարբերվում ՀՀԿ ներկայացուցիչներից:

 

«Այո’, ՀԱԿ-ում մենք ունենք գործընկերներ, ովքեր սրտանց պաշտպանում ու աջակցում են շարժմանը, բայց կան նաեւ այնպիսիք, ովքեր ուղղակի պայքարում են շարժման դեմ: Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններ են, եւ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցության: Դա պետք է լինի գործնական համագործակցություն, եթե, իրոք, նպատակ ունենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու եւ համագործակցելու ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական գործընթացներում: Մենք բաց ենք իրական համագործակցության համար»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ խորհուրդ տվեց գործընկերներին, որ այս իշխանությունների հետ միասին չլծվեն շարժմանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին հարվածելու աշխատանքներին: