կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 11:21
Իրավական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ոստիկանության

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ  ոստիկանության

Այսօր ՀՀ վարչական դատարանում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության:

 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքէջից տեղեկացնում ենք, որ հասարակական կազմակերպությունը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը` տեղեկատվություն տրամադրել: ՀԿ-ն պահանջում է նաև վարչական տույժի ենթարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանին:

 

2012 թ. սեպտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ ծառայողական քննության նյութեր ստանալու համար:   2012 թ. հոկտեմբերի 5-ին հիշյալ վարչության պետի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի` մերժվել է տեղեկատվության տրամադրումը այն  պատճառաբանությամբ, որ ծառայողական քննության նյութերն իրենցից ներկայացնում են ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթղթեր:

 

ՀԿ-ն համարում է, որ, հիշյալ  տեղեկատվությունը  չտրամադրելով, ոստիկանության ստորաբաժանումը խախտել է ՀԿ-ի՝   տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը երաշխավորված է  ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կողմից վավերացրած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

 

ՀԿ-ն հիշեցնում է, որ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է  տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսունապատիկի չափով՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց  կողմից  տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար: