կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 21:35
Քաղաքական

Դիտորդները թող դադարեցնեն դայակությունը. ՀԱԿ

Դիտորդները թող դադարեցնեն դայակությունը. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հաղորդագրությամբ ներկայացնում է ընտրությունների` իր դիտարկման արդյունքները.

 

«Փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական խայտառակ ընտրությունները։ Հայ ազգային կոնգրեսը ավելի քան 1500 ընտրատեղամասերում իր նշանակած հանձնաժողովների անդամների, Կոնգրեսի կողմից հատուկ մոնիտորինգի ենթարկված 20 ընտրատեղամասերի, ինչպես նաև լրագրողական և այլ խողովակներով հավաքած փաստական նյութի վրա արձանագրում է հետևյալը.

 

Կոնգրեսը մի քանի անգամ արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում իշխող հակաժողովրդավարական բռնատիրական համակարգը, իր նկատմամբ անընդհատ խորացող համաժողովրդական ատելության պայմաններում, ընտրությունից ընտրություն ստիպված է լինում դիմել ավելի ու ավելի լայնամասշտաբ կեղծիքների։ Անցած ընտրություններն առաջին հերթին այս թեզի ապացույցն էին. ընտրություններն անցկացվեցին ընտրակեղծիքների մեքենայի լիակատար օգտագործմամբ, կիրառվեցին ընտրախախտումների բոլոր գործիքներն ու մեխանիզմները։

 

Հիմնական ընտրախախտումներն էին`

 

Քվեարկությանը մասնակցող ընտրողի անձնագրից անմիջապես հեշտությամբ ու անհետք մաքրվում էր դրոշմակնիքը՝ ապահովելով բազմակի քվեարկության հնարավորությունը։

 

Ինչպես միշտ, որպես հարուստ շտեմարան, վարչախումբն օգտվեց հանրապետությունից բացակա, սակայն ընտրացուցակներում առկա շուրջ 700.000 ընտրողների ձայների կեղծման հնարավորությունից։

 

Նորից պետականորեն կազմակերպվեց հօգուտ իշխանական թեկնածուի ընտրակաշառքի բաժանում և ընտրողների քվեարկության վերահսկում։

 

Օրինականություն պահանջող հանձնաժողովի անդամների, լրագրողների, դիտորդների նկատմամբ արձանագրվեցին բռնության, ահաբեկման և կաշառելու համատարած դեպքեր։

 

Տեղի ունեցան քվեատուփերի բացահայտ լցոնումներ։

 

Որոշ հանձնաժողովներում հաշվարկի ժամանակ կեղծվեց ձայների քանակը։

 

Այս ամենի հետևանքով, բնականաբար, աղավաղվել են ընտրությունների իրական արդյունքները։

 

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ցուցադրեցին, թե ինչ աստիճանի է խորացել համաժողովրդական ատելությունը գործող ռեժիմի և անձամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ։

 

Ընտրությունները ցույց տվեցին նաև, որ Հայաստանում իշխող վարչախումբը, ի հեճուկս տարիներ շարունակ իր տված խոստումների, երբևէ չի հրաժարվի ընտրակեղծիքների իր ստեղծած մեքենայի գործադրումից, քանի դեռ դրա դեմ, որպես քաղաքական գործոն, չի ծառացել ժողովրդի միասնական կամքը, և ընտրակեղծարարության այդ փաստերին համարժեք վերաբերմունք չի արտահայտել միջազգային հանրությունը։

 

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես դիտորդական առաքելությունները, դադարեցնեն դայակությունը Հայաստանի հանցավոր իշխանությունների նկատմամբ, հրաժարվեն Հայաստանի իշխանությունների օրենսդրական ձեռնածությունները որպես դրական բարեփոխումներ ներկայացնելու իրենց պրակտիկայից և վերջապես հասկանան, որ հայաստանյան ընտրությունների արատը ոչ թե օրենսդրական թերությունները, զանազան խախտումներն ու օրինազանցություններն են, այլ համակարգային այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ընտրացուցակներում Հայաստանից մշտապես բացակայող 700.000 մարդկանց անունների առկայությունը և կրկնաքվեարկության դեմ արդյունավետ միջոց կիրառելու իշխանության չկամությունը»: