կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 13:28
Քաղաքական

Մի քիչ կոշտ էր. Մարուքյանը` թիմակցի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին արված գնահատականի մասին

Մի քիչ կոշտ էր. Մարուքյանը` թիմակցի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին արված գնահատականի մասին

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին մամուլից է իմացել, բայց պաշտոնական տեղեկություն, որպես այդպիսին, չունի, հետևաբար` նաև դաշինքում չենք քննարկել այդ հարցը. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ միավորվել մեկ կուսակցության մեջ:

«Մենք պատրաստ ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցել, նրանց նախաձեռնությունները քննարկումների արդյունքում բերել այս շենք, այս դահլիճ, նաև ներկայացնել նրանց մոտեցումները, եթե դրանք կհամընկնեն մեր մոտեցումների հետ: Այսինքն՝ պատրաստ ենք խողովակ հանդիսանալ: Մնացածը՝ կուսակցություն դառնալ և այլն, ուղղակի տպավորություն է, որ եթե բոլոր կուսակցությունները հավաքվեն, դառնան մեկ կուսակցություն, կհաղթեն ՀՀԿ-ին: Իրականում սա իրողությունները հաշվի չառնող տպավորություն է»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները չեն էլ կարող միավորվել, քանի որ տարբեր գաղափարներ ունեն:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դիակ է, Մարուքյանն այս առնչությամբ ասաց, որ այդ հայտարարությունը մի քիչ կոշտ է եղել: «Ես այդպես չէի արտահայտվի»,- նշեց նա: