Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ ընտրողների հետ հանդիպմանը ներկա են եղել դպրոցականներ եւ բուհերի ուսանողներ: Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ այս խնդրին:
Նա նախ ընդգծեց, որ երկու անգամ է նման խնդիր ծագել, առաջինը` Ագարակում, իսկ երկրորդը՝ Արարատի մարզում: Աշոտյանը հայտարարեց, որ արդեն համապատասխան գրություն է ուղարկվել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին, որում պահանջվում է պատժել իր ենթակայության տակ գտնվող այն հաստատությունների տնօրեններին, որոնք խափանել են կրթական գործընթացն իրենց հաստատություններում: «Սերժ Սարգսյանը` որպես նախագահի թեկնածու, չունի նման գործելաոճի կարիք, եւ եթե որոշ մարդիկ տեղերում փորձում են արջի ծառայություն մատուցել, ապա նրանք հերթով ենթարկվում են վարչական տույժի»,- հայտարարեց Աշոտյանը:
Նախարարը հիշեցրեց, որ իրենք բազմիցս են հայտարարել, որ ուսումնական հաստատություններում պետք է ապահովվի բնականոն ռեժիմ, եւ քարոզարշավը, քաղաքականությունը պետք է մնան ուսումնական հաստատությունների պատերից դուրս: Նա նշեց նաեւ, որ ԿԸՀ-ն, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, իր կայքում փակցրել է մարզպետներից եւ Երեւանի քաղաքապետից ստացած այն առաջարկությունները, որոնք վերաբերում են թեկնածուների կողմից անվճար հիմունքներով դահլիճներից օգտվելու հնարավորությանը: «Այդ դահլիճներից մի մասը դպրոցներում է եւ դա օրենքով է: Խնդրում եմ միշտ տարբերակեք` որեւէ խախտում այստեղ չկա»,-նշեց նախարարը:
Yerkir.am-ի հարցին, որ, որպես կրթության եւ գիտության նախարար, կարո՞ղ է երաշխավորել, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի, նախարարը պատասխանեց. «ԿԳՆ-ն կարող է երաշխավորել եւ երաշխավորում է, ինչպես հայտարարել է ի սկզբանե, որ ցանկացած խախտում, որը կբերի կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի խափանման, կհայտնաբերվի, եւ մեղավորները կենթարկվեն վարչական տույժի»:
Աշոտյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր փորձում են պապից ավելի կաթոլիկ երեւալ: «Սերժ Սարգսյանը չունի նման գործելաոճի կարիք եւ այն ավելի վնաս է տալիս նրան եւ մեզ, եւ սա բոլորը պետք է հասկանան»,-հայտարարեց նախարարը: