կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 14:01
Քաղաքական

ՕԵԿ պատգամավորը ակտիվություն է նկատել

ՕԵԿ պատգամավորը ակտիվություն է նկատել

Ըստ ցուցաբերած ակտիվության` ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նախագահի թեկնածուներին բաժանում է երեք խմբի` առաջին խմբում Սերժ Սարգսյանն է, երկրորդում ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը, իսկ մնացած թեկնածուները երրորդ խմբում են: Այս մասին ՕԵԿ-ական պատգամավորը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ ընդգծեց, որ համամիտ չէ, որ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը ծանրակշիռ մրցակիցներ չեն Սերժ Սարգյանի համար: ՕԵԿ-ական պատգամավորը չհամաձայնեց նաե Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ վերոհիշյալ երեք թեկնածուների վարկանիշն արհեստականորեն փորձում են բարձրացնել, անգամ` գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը:

 

«Մարդիկ ունեն այն վարկանիշը, ինչ ունեն, ոչ ոք նրանց վարկանիշը չի փորձում բարձրացնել»,- հայտարարեց Շահգելդյանը:

 

Ուշագրավ է, բայց ՕԵԿ-ական պատգամավորը հասարակության կողմից անտարբերություն այս ընտրությունների նկատմամբ չի տեսել: «Ես չեմ տեսել անտարբերություն: Մեր հանդիպումների ժամանակ տեսնում ենք, որ մարդկանց մոտ կա ե'ւ հետաքրքրվածություն, ե'ւ ցանկություն` հասկանալու, թե ինչպիսի մոտեցումներ կան` ապագայի հետ կապված: Մարդկանց հետաքրքրությունը կապված է ոչ միայն ծրագրերի հետ, այն նաեւ այն փոփոխությունների, որ պետք է արվեն: Հետաքրքրություն կա ե'ւ դահլիճներում, ե'ւ դրսում մարդկանց հետ շփումների ժամանակ»,- հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:

 

Yerkir.am-ը Շահգելդյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է տեսել հետաքրքրություն, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ դահլիճային հանդիպումներին ներկա են միայն ՀՀԿ-ականները, այն էլ` նախօրոք «հավատարմագրված»: ՕԵԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ խոսքն իր անձնական տպավորությունների եւ իր շփումների մասին է, ՀՀԿ-ի հանդիպումներից, մեղմ ասած, տեղյակ չէ: